Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է Ամանորի տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:

Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչության կողմից «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվող զանգերին հնարավորին արագ արձագանքելու նպատակով աշխատակազմի քարտուղարին հանձնարարվել է կազմել հստակ ժամանակացույց` Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 վարչական շենքերում իրականացնելու շուրջօրյա հերթապահություն:
Նույն հանձնարարականը տրվել է նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կենսապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն` համագործակցելով «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, տոնական օրերին վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները:

Առողջապահական և «Շտապբուժօգնության» ծառայությունների պատասխանատուներին ևս քաղաքապետը հանձնարարել է օպերատիվ հերթապահություն իրականացնել և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում:
Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը` քաղաքապետի կողմից հանձնարարական է տրվել խստորեն վերահսկել հասարակական տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը:
Հատկապես տոնական օրերին նկատվող կենցաղային աղբի ծավալների զգալի ավելացումը հաշվի առնելով էլ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և հատուկ օպերատիվ շտաբին հանձնարարվել է վերահսկել այդ ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերության կողմից աղբահանության պատշաճ կազմակերպումն ու սանիտարական մաքրման իրականացումը մայրաքաղաքում:
Միաժամանակ, հանձնարարվել է տոնական օրերին ապահովել նաև մայրաքաղաքի անխափան արտաքին լուսավորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել