Դեկտեմբերի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժամը 3-ից 8։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են չգործող ճաշարանի դռան փականը, մտել ներս և փորձել են կոտրել բանկոմատն ու փող հափշտակել։
Նրանք իրենց կամքից անկախ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գողության պահին հատուկ ներկը լցվել է բանկոմատի փողերի վրա։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հավելենք, որ ինչպես նախկինում նշել ենք, հանրապետության գրեթե բոլոր բանկոմատներն ունեն նման համակարգ։ Գողության փորձի դեպքում ներկ է լցվում բանկոմատի դրամանիշերի վրա։