Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց վիրաբույժ, բժիշկ-փորձագետ Հայկ Խեչոյանի՝ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքի գործով դատական նիստը:
Ամբաստանյալի պաշտպան Արտակ Ալոյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ դատաքննությունն արագացված կարգով իրականացնելու վերաբերյալ, քանի որ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է։
Ամբաստանյալ Հայկ Խեչոյանը հաստատեց, որ իրեն բացատրվել են իր իրավունքները և արագացված դատաքննության վերաբերյալ միջնորդություն կատարելու որոշումն իր կամքով է ընդունել։
Դատարանը բացատրեց, որ արագացված դատաքննության դեպքում դատավճռի դեմ Հայկ Խեչոյանը չի կարող վերաքննիչ բողոք ներկայացնել։ Սակայն Հայկ Խեչոյանը պնդեց միջնորդությունը։
Դատարանը բավարարեց արագացված դատական քննության անցնելու միջնորդությունը։
Մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, որի համաձայն, Հայկ Խեչոյանն ընդգրկված է եղել Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես վիրաբույժ, փորձագետ-բժիշկ։ Զորակոչիկի մոտ պարտադիր հետազոտության ընթացքում հայտնաբերել էր «ձախ երիկամի հիպոպլազիա 8.6×4.2սմ չափսեր» և այդ դեպքում պարտավոր էր եղել զորակոչիկին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ։ Սակայն հիմնվել էր սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, 20.01.2016թ․թվագրված արձանագրությամբ եզրակացրել է, որ զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայությանը:
Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո դատարանը ներկայացրեց գործի նյութերում առկա Հայկ Խեչոյանին բնութագրող փաստաթղթերն այն մասին, որ նա բարեխիղճ մասնագետ է, ունի երկու անչափահաս երեխա և ներկայումս գտնվում է ոչ բարվոք սոցիալական վիճակում:
Այդուհետև, մեղադրողը հարց ուղղեց մեղադրյալին՝ երկու՞ երեխա ունեք, թե՞ երեք: Ամբաստանյալ Հայկ Խեչոյանն ասաց,որ երեք երեխա ուներ, սակայն մի տղան մահացել է 2013 թվականին:
Այսպիսով, դատական հաջորդ նիստի օր նշանակվեց դեկտեմբերի կեսին:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Արմեն Հակոբյանը, ով ներկայացավ Հայկ Խեչոյանի նախկին գործընկեր, ասաց.«Ենթադրենք, Հայկ Խեչոյանը չնկատեց սոնոգրաֆիան և անցավ: Այդ գործից հետո նայում է հանձնաժողովի նախագահը: Նա էլ չնկատեց և անցավ: Մտավ Հանրապետական հավաքակայան: Չէ՞ որ այնտեղ էլ կան զորակոչային բժիշկներ, որտեղ հանձնաժողովը հատիկ-հատիկ թերթում է, երեխային մերկացնում և նայում: Իրենք էլ չնկատեցի՞ն: Ո՞նց հասավ զորքեր: Այսինքն, չնկատելու պարագայում մի քանի բժիշկ չի նկատել: Միայն Հայկ Խեչոյանը չէ»:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Հայկ Խեչոյանը նշեց, որ հիվանդությունը նկատելու դեպքում պոլիկլինիկան պետք է զբաղվի հիվանդության բուժմամբ, հետզոտմամբ․
«8 տարեկանը գալիս է, զինվորական կոմիսարիատում հանձնաժողովը փորձագիտական է և ունի տվյալներ, ըստ որի, կարողանում է կազմակերպել, թե հետազոտել պե՞տք է, բուժել պե՞տք է, իսկ 16 տարեկանը գտնվում է պոլիկլինիկայի տեղամասային բժշկի հսկողության տակ: Նորման 9մմ է: Այդ տղան, որը հիմա տուժողի կարգավիճակում է, նրա մոտ ընդամենը 3մմ տարբերություն է եղել: Սոնոգրաֆիստը կարող էր մեխանիկորեն սարքի ճշտության աստիճանի հետևանքով այդպես արձանագրել: Այդ քաղաքացին մերն է, բոլորինս է»,- Հայկ Խեչոյանը պնդում է, որ այդ անճշտությունը նկատելու դեպքում պետք է հետ ուղարկեին: Նրա խոսքով, հետազոտությունների ցանկում գրված է այդ հետազոտման արդյունքի մասին, իսկ ընդհանուր ցանկի վրա գրված է պրակտիկ առողջ:
Հայկ Խեչոյանը նշեց, որ այդ ժամանակ նա վիշտ ուներ՝ մահացել էր նրա հայրը: Նրա խոսքով, դա այնպիսի վիճակ էր, որ ցանկացած մարդ կարող էր չնկատել:
9 տարվա մեջ նա հետազոտել է մոտավորապես 20.000 մարդու․ «Ես հասկանում եմ, որ, անկախ ամեն ինչից, իմ ստորագրությունը կա, որ տղան եղել է զորակոչմանը պիտանի, երբ ես չպետք է ստորագրեի նրա 16 տարեկանում: Ճիշտ է, նա 16 տարեկանում չի գնացել բանակ, բայց եթե ես ստորագրել եմ, ապա ես եմ պատասխան տալիս: Ինչու՞ ստեմ: Իմ սխալն այն է եղել, որ առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթն առանց նայելու կնքել եմ»:
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net