Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Խնդրին հետամուտ լինելու համար Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին հարցը բարձրաձայնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կնետրոն» ՀԿ-ների, նաեւ՝ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիայի ներկայացուցիչներ։
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում, ինչպեսեւ ՇՎՏՄ-ում օրերս տեղի ունեցած ՀԿ-ների հետ եւս մեկ քննարկմանը նման ահազանգ հնչեցրած «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպությունը մանրամասն ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները։ Մասնավորապես, վերոնշյալ ՀԿ-ն պնդում է, որ ՀՀ շուկայում իր կողմից նմուշառված 49 անուն ներկերից 11-ում կապարի պարունակության անթույլատրելի բարձր տոկոս է գրանցվել։ Ընդ որում՝ ուսումնասիրությունը կատարվել է միջազգային ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ-ում։ Ու քանի որ, ըստ այսօրվա քննարկմանը ներկա մասնագետների, այստեղ կարող ենք գործ ունենալ լաբորատոր տարբեր մեթոդների եւ անվտանգության տարբեր ցուցանիշների հետ, որոշվեց ՀՀ-ում ընդունված տեխնիկական կանոնակարգերի հիման վրա իրականացնել նոր փորձարկում։
Արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթից՝ ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ հրավիրված հաջորդ հանդիպմանը։ Եթե լաբորատոր այս փորձարկման արդյունքում ՀԿ-ների հնչեցրած ահազանգը հաստատվի, ՇՎՏՄ-ն կձեռնարկի խնդրի լուծման ուղղությամբ օրենքով իրեն վերապահված բոլոր քայլերը։