ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի», «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:
Մասնավորապես՝ բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանքաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ թերի են եղել բաղադրությունը, մթերքների անվանումները, բացակայել են բացելուց հետո երաշխիքային ժամկետի և պահման պայմանների մասին գրառումը:
Ծառայությունը կասեցրել է 13880 լիտր, 76399 կգ և 26749 հատ ընդհանուր ծավալով հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ արևածաղկի ձեթեր, կետչուպներ, մայոնեզներ, անարատ խտացրած շաքարով կաթ, խտացրած կաթ պարունակող մթերք՝ շաքարով և կաթնային ճարպի փոխարինիչով, խտացրած կաթ շաքարով և սուրճով, բրինձ, սպիտակաձավար, մակարոն, հնդկաձավար, պահածոյացված շամպինյոններ, մարինացված կորնիշոններ, մարինացված լոլիկ, պահածոյացված ոլոռ, կարամելներ, ոչ ալկոհոլային չգազավորված ըմպելիք:
Տրվել է ժամկետ նշված խախտումները վերացնելու համար: