Հայաստանում խաղալիքների գերակշռող մեծամասնությունը սերտիֆիկացված չէ․ Բաբկեն Պիպոյան

Խաղալիքների գերակշռող մեծամասնությունը սերտիֆիկացված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Մենք ունենք դրսից եկած սերտիֆիկատներ, որոնք մի կողմից թվացյալ սերտիֆիկատ է, բայց մեզ մոտ ստուգումը չեն անցել, և մակնշման մասով Հայաստանին չեն համապատասխանում»,-նշեց Պիպոյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազամակերպության կողմից իրականացվել է խաղալիքների շուկայի ուսումնասիրություն: Արդյունքում մի շարք խախտումներ են ի հայտ եկել, որոնք կապված են նաև շուկայում տնտեսվարողների կողմից ապրանքները սերտիֆիկացնելու հետ։

«Մենք գնացել ենք տնտեսվարողների մոտ, ովքեր իրացնում են խաղալիք և հենց խաղալիքների վրա ենք փորձել պարզել առկա է սերտիֆիկատ, թե՞ առկա չէ, և շատ դեպքերում նկատել ենք, որ առկա չէ սերտիֆիկատը»,-նշում է Պիպոյանը։ Նա նաև հավելեց, որ երբ տնտեսվարողին ասում են, թե սերտիֆիկատը անպայման պետք է ներկայացնի, նա ձեռք է բերում այն, բայց թե ինչպե՞ս է դա անում՝ հայտնի չէ։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշում է, որ փորձ է արվում հնարավորինս անվտանգ շուկա ստեղծել, ինչի համար նաև համագործակցում են ոլորտում ակտիվ հասարակական կազմակերությունների հետ։

«Փորձում ենք բարձրացնել իրազեկման մակարդակը, քանի որ այսօր միակ բանը, որ կարող է հավաստել, որ խաղալիքը անվտանգ է, դա սերտիֆիկատի առկայությունն է։ Այն միակ փաստաթուղթն է, որ հաստատում է՝ տվյալ խաղալիքն անցել է բոլոր փորձարկումները ու համապատասխանում է ազգային չափանիշներին»,-ասաց Լևոն Խալիկյանը։

Նրա խոսքով կան ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք փորձում են խաղալիքն իրացնել առանց սերտիֆիկատի, ինչը տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է և շուկայում կատարվում են մշտական ստուգումներ։

Բաբկեն Պիպոյանը նշում է, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սերտիֆիկատի առկայությունը պետք է վերահսկի, իսկ սերտիֆիկատի անվտանգությունը, սերտիֆիկատի երաշխավորությունը պետք է վերահսկվի համապատասխան հավատարմագրող մարմնի կողմից։

ՀԿ-ի կողմից հարցում է արվել նաև քաղաքացիների շրջանակում հասկանալու համար, թե ինչի՞ն են ուշադրություն դարձնում, որքանո՞վ են տեղեկացված, և որ դեպքում ի՞նչ պետք է անեն։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն այս մասին ասում է․«Մենք փորձում ենք մտցնել առօրյա կուլտուրայի մեջ, որպեսզի սպառողը մտնելուց խանութ՝ պահանջի սերտիֆիկատ։ Տնտեսվարող սուբյեկտները չարաշահելով դա, որ սպառողները չեն պահանջում սերտիֆիկատ, փորձում են ինչ-որ ժամանակ խնայել, գումար խնայել ու չսերտիֆիկացնել»։

Նշենք, նաև որ, մասնագետի հավաստմամբ, այս տարվա ընթացքում հայտնաբերված բազմաթիվ խախտումների դեպքում տրվել են կարգադրություններ ու նշանակվել վարչական տուգանքներ։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել