Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն են ստանում պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի շրջանակում: Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ, որից 1346-ին մատուցվել է վիրահատական ծառայություն։ Դա խոսում է համակարգի կայացման և արդյունավետության մասին։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Ամփոփելով արդյունքները` կարելի է ասել, որ նոր կարգով, համեմատաբար քիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով, հնարավորություն է ստեղծվել առավելագույն և պատշաճ ծառայություններ մատուցել։ Բացառվել են շահառուներին հերթագրելու դեպքերը։ Այս համակարգով շահառուն ինքն է որոշում, թե իր գումարն ուր փոխանցվի։ Ինքն է ընտրում ոչ միայն ստացիոնար բուժման, այլև տարեկան բուժզնությունն անցնելու բժշկական կազմակերպությունը։
Ինչպես և սպասվում էր` ծրագիրը մեկնարկեց բավական մեծ դիմելիությամբ, ինչը կուտակումների արդյունք էր։ Բանն այն է, որ սահմանափակ բյուջեով պայմանավորված` բարձր վարկանիշ ունեցող հիվանդանոցներում, հատկապես ծրագրին նախորդած ամիսներին, սոցիալական փաթեթի շահառուներին հաճախ հերթագրում էին։ Խոսքն, իհարկե, ոչ անհետաձգելի բժշկական ծառայությունների մասին է։
Ծրագրի նկատմամբ հսկողություն են իրականացնում ինչպես նախարարության պետական առողջապահական գործակալության մասնագետները, այնպես էլ` ապահովագրական ընկերությունները։ Միաժամանակ, շահառուներին տրամադրվող բոլոր ծառայությունները ներբեռնվում են էլեկտրոնային առողջապահական համակարգ։ Նման մակարդակի վերահսկողությունն, անշուշտ, լուրջ երաշխիք է ինչպես պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործման, այնպես էլ` բժշկական ծառայությունների ժամանակին և պատշաճ մատուցման:
Կարևոր է նաև, որ, ի տարբերություն նախկինի, մշակվել են ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներ: Ի դեպ, ապահովագրական ընկերության և շահառուի միջև ծագած վեճերի դեպքում շահառուն կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը 10 օրվա ընթացքում լուծում կտա ցանկացած բողոքի: Ֆինանսական հաշտարարի որոշումները վերջնական կլինեն ապահովագրական ընկերության համար, սակայն շահառուն հնարավորություն կունենա բողոքարկելու նաև դատարանում:
Ուսումնասիրելով համակարգի դրույթների իրականացման արդյունքները, կատարելով անհրաժեշտ շտկումներ` առաջիկայում նույն մեխանիզմով կկազմակերպվի բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խնբերի ավելի քան 600.000 բնակչության բժշկական սպասարկումը։