Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ որոշմամբ մնաց անփոփոխ

2017 թնոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:
2017 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 1.2%: Ընդ որում, շարունակվում է վերջին ամիսներին գրանցվող 12-ամսյա բնականոն գնաճի արագացումը, որը հուլիսի 0.7%-ից հոկտեմբերին հասել է 2.4%-ի: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր գնաճը դեռևս ցածր է մնում մրգի և բանջարեղենի սպասվածից քիչ գնաճի տեմպերի հաշվին, որի ազդեցությունը մոտակա ամիսներին կչեզոքանա և գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում:
Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են գնաճային երևույթները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն ակնկալում է արտաքին պահանջարկի վերականգնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. անցած ինն ամիսների արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է՝ հիմնականում ի հաշիվ ծառայությունների ոլորտի բարձր աճի: Ներքին պահանջարկը շարունակում է վերականգնվել սպասվածից արագ տեմպերով՝ պայմանավորված իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և արտերկրից դրամական փոխանցումների աճի որոշակի վերականգնմամբ: Ներքին պահանջարկի վերականգնման մասին է վկայում նաև ներմուծման բարձր աճը և բնականոն գնաճի դրսևորված վարքագիծը: Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն աճում են փոքր ինչ ավելի արագ՝ ածանցվելով առանձին պարենային ապրանքների շուկաներում միջազգային գների և առաջարկի գործոնների հաշվին գրանցված գների աճից:
Չնայած ԿԲ Խորհուրդը գնահատում է գնաճային միջավայրի և գնաճային սպասումների որոշակի ընդլայնում, այնուամենայնիվ, դեռևս նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկա խթանող պայմանները: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:
Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017թ. նոյեմբերի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):
Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել