Արդյո՞ք ԴԱՀԿ-ն կարող է բռնագանձումներ կատարել կենսաթոշակի նպատակով ստացվող դրամական միջոցներից

Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացվում է օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների խստիվ պահպանմամբ: Հարկադիր կատարողը դատական ակտի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով կարող է կիրառել միայն օրենքով սահմանված միջոցները:

Ի պատասխան քաղաքացու հարցման, թե արդյո՞ք հնարավոր է, որ ծերության թոշակ ստացող և վարկի մարման պարտավորությունները չկատարած անձի հաշվեհամարից  ԴԱՀԿ-ն բռնագանձում իրականցնի՝  Իրավաբան.net–ը պարզաբանումներ է ստացել նշված կառույցից:

Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): Բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի կատարման համար` հաշվի առնելով կատարման ծախսերը: Բռնագանձումն առաջին հերթին պետք է տարածվի պարտապանի դրամական միջոցների վրա: Դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել նաև պարտապանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքի համաձայն չի թույլատրվում բռնագանձում տարածել:

Պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարող առգրավում է և ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը հանձնում է բանկ` հարկադիր կատարման ծառայության  մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:

Եթե պարտապանը հաշիվներ և ավանդներ ունի բանկերում և այլ վարկային կազմակերպություններում, ապա հարկադիր կատարողն արգելանք է դնում դրանց վրա: Հարկադիր կատարողը կատարողական թերթը պատշաճ ձեւով ուղարկում է անմիջապես բանկ կամ այլ վարկային կազմակերպություն: Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկը` համաձայնեցնելով ՀՀ արդարադատության նախարարության հետ:

Իսկ պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.

  • 1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
    •  արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
    •  պատրաստի արտադրանք,
    •  անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
    •  այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).
  • 2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
    •  շարժական գույք,
    •  անշարժ գույք:

Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար:

Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել