ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 6-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է 2018թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը:
«2018թ. պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի շուրջ 28 տոկոսը: Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից որդեգրած հիմնական քաղաքականությունը միտված է իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացմանը, ծառայությունների մատչելիությանը և, իհարկե, ծախսարդյունավետության բարձրացմանը»,- ասել է Արտեմ Ասատրյանը, այնուհետև, ըստ ոլորտների, անդրադարձել իրականացվելիք ծրագրերի բովանդակությանը և քաղաքականությանը:
Ներկայացնելով կենսաթոշակային ապահովության ոլորտի ծրագրերը՝ նախարարը նշել է, որ 2018թ. նախատեսվում է մոտ 2 տասնյակ բյուջետային ծրագրերի իրականացում, որի շրջանակներում հիմնական խնդիրը շարունակում է մնալ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասցեականության բարձրացումն ու մատչելիության ավելացումը: «Այստեղ հարկ եմ համարում նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում համապատասխան աշխատանքներ են իրականացվել, որպեսզի մեր քաղաքացիները սոցիալական իրավունքի իրացման տեսանկյունից հնարավորինս քիչ առնչվեն տարատեսակ փաստաթղթերի և դիմումների հետ: Խոսքը՝ այս տարվա հունվարից գործարկված երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգի մասին է: Պետք է նշեմ, որ շատ լավ արդյունք ենք արձանագրել այս ընթացքում, առցանց դիմողների շուրջ 60 տոկոսը դիմել են այդ համակարգի միջոցով: Դա նշանակում է, որ մոտ 30 000 քաղաքացի, ովքեր դիմելու և իրենց իրավունքն իրացնելու խնդիր են ունեցել, հնարավորություն են ունեցել առանց տարածքային կենտրոն այցելելու և որևէ պաշտոնյայի հետ շփվելու, իրացնել իրենց իրավունքը»,- նշել է նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով, 2018թ. համար նախատեսվում է ընդլայնել էլեկտրոնային ծառայությունների շրջանակը և ծննդյան միանվագ նպաստի երրորդ և հաջորդ երեխաների դիմումը դարձնել առցանց: «Այս պարագայում մոտ 40 000–ից ավելի քաղաքացի տարեկան առանց որևէ տարածքային կենտրոն այցելելու հնարավորություն կունենան իրացնել իրենց իրավունքները»,- ընդգծել է նախարարը:
Նախատեսվում է նաև ներդնել մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի առցանց դիմումի համակարգը, որի դեպքում, ըստ նախարարի, տարեկան շուրջ 13 000 քաղաքացի կօգտվի ծրագրից: «Քայլ առ քայլ, ձևավորված տեղեկատվական շտեմարանների հիման վրա նախատեսում ենք ընդլայնել սոցիալական ծառայությունների մատուցումը էլեկտրոնային եղանակով այն բոլոր ուղղություններով, որոնք չեն վերաբերում սոցիալական աշխատանքին, սոցիալական ծառայությունների մատուցմանը»,- նշել է նախարարը:
Այնուհետև նախարարը փաստել է, որ 2018թ. ծննդյան միանվագ նպաստի, մայրության նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրերը իրենց ողջ ծավալներով և ամբողջությամբ շարունակվելու են իրականացվել: «Ընդ որում, ուզում եմ նշել, որ 2018թ. պետական բյուջեում, մասնավորապես, երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար գումարները որոշակիորեն նախատեսված է ավելացնել, չնայած որ ծնունդների թվաքանակը որոշակիորեն նվազել է: Սա պայմանավորված է նրանով, որ աճել է երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրվող նպաստի թիվը: Նախատեսված է շուրջ 300 միլիոն դրամից ավելի գումար, որպեսզի կարողանանք վճարել ընտանիքում երրորդ և հաջորդ ծնված երեխաների համապատասխան գումարները, որոնց մի մասը միանվագ տրամադրվող վճարն է, մյուս մասը՝ ընտանեկան դրամագլուխը, որը որոշակի նպատակների է ուղղվում»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով աշխատանքային ստաժի ճշգրտությանն ու ստաժի հաշվառման համակարգի բարելավմանը, նախարարը նշել է, որ 2017թ. հունվար ամսից աշխատանքային գրքույկներն այլևս դուրս են եկել շրջանառությունից և ներկայում իրականացվում են նախկինում ձևավորված աշխատանքային գրքույկների հաշվառման և թվայնացման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2019թ: «Երբ լիարժեք այդ տեղեկատվությունը թվայնացնենք, ապա դա մեզ հնարավորություն կտա ավելի հստակ բյուջետային պլանավորում իրականացնել՝ պլանավորելով յուրաքանչյուր անձի հաջորդ տարվա կենսաթոշակային գումարները պետական բյուջեում»,- ընդգծել է Արտեմ Ասատրյանը:
Ավանդների փոխհատուցման ծրագրին անդրադառնալով՝ նախարարն ասել է, որ 2018թ. շարունակվելու է փոխհատուցման ծրագիրը և նշել, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում ամբողջությամբ կվճարվի մինչ այդ հաշվառված քաղաքացիների ավանդների փոխհատուցման գումարները: Խոսքը վերաբերում է մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված տարեցներին:
Ավանդների փոխհատուցման ծրագրում ընդգրկված են նաև սահմանամերձ բնակավայրերի ընտանիքները, ազատամարտիկներն ու պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները:
«Կարծում եմ, որ հաջորդ տարի բյուջեով կբարձրացվի տարիքային շեմը: Տարիքային շեմի բարձրացման հետ կապված հաշվարկներ արդեն արվել են, որպեսզի հերթեր չգոյանան»,- ասել է նախարարը:
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտում, նախարարի խոսքով հիմնական քաղաքականությունը եղել և մնում է կայուն զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերում աշխատաշուկայում անմրցունակ անձանց ընդգրկումը:
«Այս առումով 2017թ. որոշակի վերանայումներ արվել են՝ հիմնականում շեշտը փորձելով դնել ծախսարդյունավետ ծրագրերի վրա: Այստեղ ուզում եմ հատուկ կարևորել էլեկտրոնային աշխատանքային բորսայի ստեղծման աշխատանքները, ինչը հնարավորություն է տալու ոչ միայն ծառայություններ մատուցել աշխատաշուկայում անմրցունակ անձանց, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ուզում են այդ ծառայություններից օգտվել՝ թե գործատուները, թե աշխատանք փնտրողները և թե նրանք, ովքեր չեն պատրաստվում զբաղվածության տարածքային կենտրոն այցելել, այլ աշխատանք կփորձեն գտնել էլեկտրոնային բորսայի միջոցով»,- ասել է Արտեմ Ասատրյանը:
Այնուհետև նախարարը ներկայացրել է զբաղվածության ոլորտի երկու նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալ-ժողովրդագրական խնդիրների որոշակի լուծմանը:
Առաջին ծրագիրն ուղղված է երիտասարդ մայրերի մասնագիտական ուսուցմանը, մյուսը՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքին զուգահեռ երիտասարդ մայրերին աշխատանքի դուրս գալու հնարավորությունների ստեղծմանը:
Մյուս ուղղությունը հաշմանդամություն ունեցող անձանց ենթաոլորտն է: Այստեղ, ըստ նախարարի, 2018թ. շարունակվելու է հաշմանդամների սոցիալական ներառմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ օրենքի ընդունումը:
«Մենք նախատեսում ենք սոցիալական ներառման քաղաքականությունը ամբողջությամբ ինստիտուցիոնալացնել, քանի որ օրենքի նախագիծը նախատեսում է սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում համապատասխան կառուցակարգերի ներդրում: Ոլորտում տարեկան ծրագրերով նախատեսում ենք, թե յուրաքանչյուր տարի որ ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացվեն: Օրենքի ընդունումից հետո նախատեսում ենք նաև ոլորտում իրականացվող ծրագրերի հետ կապված վերաուղղորդում դեպի գնահատված կարիքը: Մասնավորապես՝ այս տարի սկսել ենք փորձնական ծրագրի իրականացման աշխատանքները, այն է՝ առաջնակի դիմած անձանց համար հաշմանդամության սահմանումն իրականացնել նոր մոդելով»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ եթե քաղաքացու համար հաշմանդամություն չի սահմանվում, ապա կազմվում է վերականգնողական անհատական ծրագիր, որով քաղաքացին ուղղորդվում է դեպի վերականգնողական բուժօգնության տրամադրմանը:
«Փորձնական ծրագրի իրականացումը, կարծում եմ մեզ համար լավ նախադրյալներ կստեղծի, որպեսզի մենք կարողանանք ամբողջականացնել ոլորտում 2018թ. իրականացվելիք ծրագրերը: Այս առումով առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա հիմնված նոր մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքները գտնվում են վերջնական փուլում և մենք, նաև փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հաշվառմամբ, նախատեսում ենք 2018թ. ամբողջությամբ անցնել այս համակարգին՝ հստակ սահմանելով ու սահմանազատելով «հաշմանդամություն» և «հիվանդություն ունենալ» հասկացությունները»,- ընդգծել է նախարարը:
Տարեցների ենթաոլորտի առումով ծրագրերը վերաբերում են նախարարության համակարգում գտնվող տուն-ինտերնատներում տարեցների խնամքին և միայնակ տարեցների սպասարկմանը տնային պայմաններում: «Նախատեսում ենք տարեցների ոլորտում ավելի ակտիվացնել քաղաքականությունը, հատկապես զբաղվածության ապահովման առումով: Այստեղ, կարծում եմ, ուսումնասիրված փորձը և այն նախադրյալները, որ ունենք հանրապետությունում, բավականին հնարավորություններ են ստեղծում, որ կարողանանք լիարժեք ծրագրեր իրականացնել»,- ասել է Արտեմ Ասատրյանը:
Այս համատեքստում, նախարարը խոսել է Սպիտակի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց խնամքի տան մասին՝ նշելով, որ ի դեմս այս կենտրոնի, ներմուծվել է փորձնական կարգով մեծ հաստատությունների փոխարեն անցում կատարել փոքր տների գաղափարին, որն ավելի մոտ է ընտանեկան մոդելին:
«Պետության կողմից առաջին անգամ համաֆինանսավորում է նախատեսվում այս ծրագրի իրականացման համար, ընդ որում մյուս մասը վճարում է քաղաքապետարանը, այսինքն՝ համայնքը: Նման ծրագրերը պետք է ինստիտուցիոնալացվեն, քանի որ սա է այն ապագա խնամքի ձևաչափը, որը պիտի փոխարինի խոշոր ու մեծ հաստատություններում խնամքի տրամադրմանը»,- ասել է նախարարը:
Ընտանիքի և երեխաների ենթաոլորտում իրականացվող քաղաքականության առումով նախարարը նշել է, որ 2017թ. մեկնարկած աշխատանքերը լիարժեք պետք է ավարտվեն 2018թ. ինչը նշանակում է, որ բոլոր շուրջօրյա խնամքի հաստատությունները պետք է վերակազմակերպվեն երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների:
«2018թ. բոլոր գիշերօթիկ հաստատությունները, որտեղ երեխաները հիմնականում հայտնվում են սոցիալական պատճառներով, վերափոխելու ենք երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների՝ առավելապես օգնելով ընտանիքներին, հզորացնելով այդ ընտանիքների կարողությունները, որպեսզի երեխաները սոցիալական կարիքից ելնելով չհայտնվեն խնամքի հաստատություններում և խնամվեն ընտանիքներում»,- նշել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ պետական բյուջեով ավելանալու է նաև խնամատար ընտանիքներին տրամադրվող աջակցությունը:
Վերջում նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները և նշել, որ 2018թ. նախատեսվում է ամբողջականացնել համակարգը: «Այս տարվա ընթացքում բյուջետային ծրագրերի կեսից ավելին անձնագրավորել ենք, մշակվել է ցուցանիշների համակարգ, կազմվել են ծրագրերի ամբողջական նկարագրությունները, սահմանվել են ծրագրերի նպատակները, ակնկալվող արդյունքները, ինչը թույլ է տալու օբյեկտիվորեն գնահատել սոցիալական պաշտպանության ոլորտի յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը»,- ամփոփելով՝ նշել է նախարարը: