Բյուջեի հատկացումներից գոհ չեմ, կարող էր ավելի շատ լինել. Առողջապահության նախարար

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջից առողջապահական ոլորտի համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում իրականացվող սոցիալական ուղղվածությամբ ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:

Ոլորտին հատկացվող 80,1 մլրդ դրամը կազմում է 2018թ. պետական բյուջեի ծախսային հատվածի 5,4 տոկոսը: Այն 2017թ. առողջապահական բյուջեից պակաս է 5,8 մլրդ դրամով:

Նախարարը մանրամասնել է, թե որքան գումար է նախատեսվում հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների, մոր և մանկան առողջության պահպանման, կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման և այլ ծրագրերի իրականացման համար։
«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումից հետո Լևոն Ալթունյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցին՝ գո՞հ է բյուջեի հատկացումներից, թե՞ կարող էր ավելի շատ լինել, նախարարը պատասխանել է. «Բյուջեի հատկացումներից գոհ չեմ, կարող էր ավելի շատ լինել, և մենք գիտեինք, թե որտեղ ենք ծախսելու այդ գումարները»:
Անդրադառնալով համակարգում առկա ստվերին վերաբերող հարցին` նախարարն ասել է.

«Խոսակցությունները շատ ավելին են, քան ինքը երևույթը: Այսօր զգացումների մակարդակի վրա կարող եմ ասել, իսկ վաղը մենք կկարողանանք հասկանալ հասարակական հարցումներ անելով: Նախարարությունում ստեղծվելու է մի գործիք՝ զանգերի կենտրոն, որն աշխատելու է 24 ժամ, աշխատելու է ոչ միայն զանգերի ընդունման, այլև արտաքին զանգերի միջոցով, որպեսզի հասարակության վերաբերմունքը հասկանանք»։

Պատասխանելով շտապօգնության կանչերը վճարովի դարձնելու հարցին` նախարարն ընդգծել է, որ խոսքը վերաբերել է այն կանչերին, որոնք անհետաձգելի, շտապ բժշկական օգնություն չեն ենթադրում և կարող են սպասարկվել առողջության առաջնային օղակում։

«Դա նախագիծ չէր, այլ կարծիքների փոխանակում էր, ես պատմում էի իմ փորձի մասին, երբ բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին աշխատում էի շտապօգնության ծառայությունում»:

Լևոն Ալթունյանը վստահեցրել է, որ առաջիկա կես կամ մեկ տարվա ընթացքում շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելու հարցին չի անդրադառանալու:
«Սակայն դա չի նշանակում, որ հարցը չկա և արդիական չէ: Անարդյունավետ կատարված կանչեր կան, կան կանչեր, որոնք առաջնային օղակի խղճի վրա են, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության, մի քիչ էլ չարաշահման հետևանք են»,-ասել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել