Ախթալայում հաղթել է ինքնաառաջադրված անկուսակցական Արկադի Թամազյանը: Գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ստանալով 1374 քվե, պարտվել է։
Սիսիանում գրանցված միակ թեկնածուն՝ հանրապետական, գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը վերընտրվել է 10 457 քվեով:
Ապարանում 10 868 ընտրող կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանին: Դեմ են քվեարկել 278 քաղաքացի:
Արտաշատում հաղթել է առաջադրված միակ թեկնածուն՝ Կարեն Բենիամինյանը: Նա ստացել է 4 571 ձայն:
Սյունիքի Կապան համայնքում առաջադրված միակ թեկնածուն՝ Աշոտ Հայրապետյանը, 12 538 քվեով ընտրվել է Կապանի քաղաքապետ: Նա առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Նրան դեմ է քվեարկել 5073 ընտրող:
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին, հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը եղել է 243335 քաղաքացի կամ ընտրողների 50.06 տոկոսը:
Եվգենյա Համբարձումյան