Փաստաբան Արմեն Ֆերոյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարան դիմելու խնդրանքով: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված նորմերից մեկը հակասում է քրեական դատավարության օրենսգրքում ընդգրկված նորմերից մեկին:
Սահմանդրությամբ հստակ սահմանվում է, որ անձը իրավունք ունի պաշտպանվելու անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով, սակայն քրեական դատավարության օրենսգրքում նշված են դեպքեր, երբ անձը ստիպված է ունենալ հանրային պաշտպան:
«Օրինակ՝ երբ ամբաստանյալը հեռացված է դատական նիստերի դահլիճից, իսկ իր ընտրած պաշտպանը այս կամ այն պատտճառով չի մասնակցում գործի քննությանը: Տվյալ դեպքում դատարանը դիմում է հանրային պաշտպանի գրասենյակ, տրամադրվում է հանրային պաշտպան, որը պետք է նարկայացնի այդ մարդու շահերը»,-սակայն փաստաբանը նշում է, որ եղել են դեպքեր, երբ անձը, ում շահերը պիտի պաշտպանեին, հրաժարվում էր հանրային պաշտպանից:
«Ես գտնում եմ, որ դա անթույլատրելի մոտեցում է, երբ անձը չի ուզում, որ իր շահերը ինչ-որ մեկը պաշտպանի, բայց չէ, օրենքի ուժով պարտադրված հանրային պաշտպանը պետք է ներկայացնի նրա շահերը»,-նշում է փաստաբանը:
Արմեն Ֆարոյանի խոսքով՝ վստահության մասին խոսելն ավելորդ է, երբ անձը չի ուզում հանրային պաշտպանի ծառայություններից օգտվել.«Այս նորմը հակասահմանադրական է և Սահմանադրական դատարանը պետք է այս հարցի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնի»:
Եվգենյա Համբարձումյան