Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Պարզաբանում փաստաբան Հակոբ Ճարոյանի կողմից Երեւանի դատախազ Րաֆֆի Ասլանյանի դեմ մեղադրանքների վերաբերյալ:
Արմեն Բարխուդարյանի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու վերաբերյալ Հակոբ Ճարոյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Սակայն Երեւան քաղաքի դատախազի որոշմամբ այն վերացվել է եւ հարուցվել է քրեական գործ՝ Հ.Ճարոյանի հաղորդմամբ նշված հանգամանքների ստուգման նպատակով ամբողջական քննություն, այդ թվում՝ կողմերի միջեւ առերեսում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Հետագայում, վարույթն իրականացնող քննիչը, գնահատելով քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները, եզրահանգել է, որ չի հիմնավորվել Արմեն Բարխուդարյանի կողմից Հակոբ Ճարոյանից հափշտակություն կատարելու հանգամանքը, եւ սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները: Ուստի որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին, որը Հ.Ճարոյանի կողմից բողոքարկվել է վերադաս դատախազին։ Երեւան քաղաքի դատախազը որոշում է կայացրել Հ.Ճարոյանի բողոքը մերժելու մասին։
Ընդ որում, Հ.Ճարոյանի կողմից քննիչի եւ Երեւան քաղաքի դատախազի որոշումները օրենքով սահմանված կարգով բողոքարկվել են դատարան եւ ներկայումս ընթանում է դատաքննություն։ Այսինքն, Հ.Ճարոյանը, տիրապետելով Երեւան քաղաքի դատախազի որոշումը բողոքարկելու օրենսդրական կարգավորմանը, դիմել է նաեւ իր պատկերացմամբ «արտաօրենսդրական» միջոցների՝ դատավարական փաստերը խեղաթյուրելու եւ Երեւան քաղաքի դատախազին հրապարակային հայտարարություններով վարկաբեկելու փորձ կատարելու եղանակով իր ենթադրյալ գումարային հարցերի լուծմանը: Թեեւ, իր պնդմամբ, լինելով «փորձառու» փաստաբան, նա պետք է քաջատեղյակ լիներ, որ քրեական վարույթի ընթացքում միայն իր եւ իրենից ստացված տվյալներից , կնոջ ու եղբոր կողմից հայտնած տեղեկությունները, որոնք չեն հաստատվել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգմամբ, երբեւէ չեն կարող դիտարկվել որպես իրավական պետությունում սահմանված ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստական տվյալների համակցություն՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ինչ վերաբերում է Երեւան քաղաքի դատախազի օրինական գործունեությանը հանցագործության հատկանիշներ վերագրելու Հ.Ճարոյանի չհիմնավորված ձգտմանը, ապա դրա՝ վերն հիշատակված նպատակը յուրաքանչյուրին հասկանալի է: Դրա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից բազմիցս տրվել են պատշաճ իրավական պարզաբանումներ»: