Ucom հիմնադրամն Արցախի հանրապետության Ալաշան գյուղի դպրոցին նվիրաբերեց ջեռուցող սարքեր, համակարգիչներ ու տպիչներ: Դպրոցի 31 աշակերտին Ucom հիմնադրամը ֆինանսական օգնություն ցուցաբերեց:
Նշենք, որ Ալիշան գյուղում ապրիլյան պատերազմից հետո բնակվում են թալիշցիներ, գյուղը դրանից առաջ բնակեցված չի եղել:
Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ucom հիմնադրամը տեխնոլոգիապես զարգացող ընկերություն է և Արցախում կարևորվում է թալիշցի երեխաներին աջակցություն ցուցաբերելը:
«Հիմնադրամի միջոցով փորձեցինք մի փոքր ավելի լավ պայմաններ ստեղծել երեխաների համար, որպեսզի մինչև հայրենի գյուղ վերադառնալը նրանք իրենց զգան ինչպես տանը: Մեր ընկերությունը կարևորում է նման աջակցությունը և՛ սոցիալապես, և՛ տեխնոլոգիապես: Ես վստահ եմ, որ իրենց՝ Թալիշ վերադառնալուն պես մենք կրկին աջակցություն կցուցաբերենք, որպեսզի երեխաները տեսնեն, որ մեր ընկերությունը և մենք իրենց կողքին ենք, և իրենց հույսն ու հավատը չկորցնեն»,-ասաց Եսայանը:
Նա ասաց, որ պատասխանատվության զգացում ունի Արցախի հողի նկատմամբ, իսկ դպրոցին փոքր օգնություն ցուցաբերելը նշանակում է մեկ մեխ խփել դպրոցի վերազինման գործում.«Որպեսզի երեխաները տեսնեն, որ գիտելիքն է ապագան և հենց այդ գիտելիքն է այս հողի վրա կարևոր արժեքներ ստեղծելու»: