Անձնագիրը փոխանակելիս հիմք հանդիսացող փաստաթղթեր չեն պահանջվում. Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել.

«Եթե քաղաքացին ունի անձնագիր և դիմում է այն փոխանակելու համար ոչ անհատական տվյալների փոփոխման հիմքով, նրանից չի կարող պահանջվել առաջին անգամ անձնագիր ստանալու հիմք հանդիսացող փաստաթղթերը (ծննդյան վկայական, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում ծնողների ամուսնության վկայական կամ հայրության ճանաչման վկայական)։
Հին նմուշի անձնագրի փոխանակման համար ներկայացվում է փոխանակվող անձնագիրը, երկու գունավոր լուսանկար, մինչև 50 տարեկան զինապարտների դեպքում նաև զինվորական գրքույկ և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։
Անձնագիրը փոխանակելիս հիմք հանդիսացող փաստաթղթեր չեն պահանջվում նույնիսկ այն դեպքում, երբ մինչև 16 տարեկան երեխայի անձնագիրը քաղաքացին դիմում է լիազորված անձի մջոցով փոխանակելու համար (լիազորագիրը պետք է պարտադիր վավերացված լինի նոտարի կողմից)։
Հիմք հանդիսացող փաստաթղթի պահանջը տարածվում է այն դեպքում, երբ անձնագիրը փոխանակվում է անհատական տվյալների փոփոխության հիմքով (ծննդյան վկայական, անվանափոխության վկայական, ամուսնության վկայական և այլն) կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձնագիրը կեղծվել է։

Վերը նշված պահանջների խախտումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն փաստաթուղթը անհիմն պահանջող պաշտոնատար անձի համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել