Միջազգային կազմակերպությունը մտադիր է փրկել ՀՀ-ում սարսափելի պայմաններում պահվող արջերին

Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայաստանում մասնավոր վայրերում սարսափելի պայմաններում պահվող արջերին, որոնք ստիպված են իրենց ամբողջ կյանքն անցկացնել փոքր վանդակներում՝ իրենց տերերին ու այցելուներին զվարճացնելու համար:

Հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես է արջն իր վանդակի երկաթյա ճաղերից նայում երիտասարդ ընտանիքին, որը ճաշում է գետի ափին գտնվող ռեստորանում: Այս արջերը ստիպված են ակնկալել ռեստորանի այցելուների ողորմությունը՝ հույս ունենալով, որ ճաշի ավարտից հետո իրենց կնետեն ուտելիքի մնացորդները, գրում է լրատվամիջոցը:

Պարբերականը նշում է, որ Հայաստանում երկար տարիներ է՝ տարածված է արջեր որսալն ու պահելը։

«Չնայած տարբեր այլ ոլորտներում երկրի գրանցած առաջընթացին՝ կենդանիների իրավունքների պաշտպանությունը դեռևս չափազանց հետ է Հայաստանում»,- գրում է լրատվամիջոցը:

Հայաստանում կարելի է փոքր վանդակում պահվող արջեր տեսնել ռեստորաններում, առևտրի կենտրոններում կամ գործարանում: Արջերին հաճախ որսում են փոքր տարիքում, և նրանք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են գերության մեջ՝ զբոսաշրջիկներ գրավելու կամ պարզապես տերերին զվարճացնելու համար:

Կենդանիների փրկությամբ զբաղվող բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը (International Animal Rescue) սկսել է նախագիծ, որի նպատակն է Հայաստանում վանդակներում պահվող տասնյակ արջերի ազատ արձակումը:

«Ես ինքս եմ տեսել, թե ինչ պայմաններում են այս արջերն ապրում, և դրանք սարսափելի պայմաններ են: Որոշները տարիներ շարունակ ապրում են փոքր վանդակներում և ուտում միայն ուտելիքի մնացորդներ, խմում կեղտոտ ջուր և կանգնում իրենց սեփական արտաթորանքի գարշահոտ կույտերի վրա»,- ասել է կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ալան Նայթը:

Նա հավելել է, որ նրանցից շատերն իրենց ձանձրույթն ու հուսահատությունը հաղթահարելու համար այս կողմից այն կողմ են քայլում, գլուխները հարվածում պատերին կամ բարձրանում ճաղերի վրա՝ հուսահատ կերպով փախուստի ճանապարհ փնտրելով:

Սասեքսում տեղակայված կազմակերպությունը ստացել է Հայաստանի կառավարության աջակցությունը և մտադիր է սարսափելի պայմաններից ազատել 80 արջի՝ մեկ կենդանու համար նախատեսելով 4 հազար դոլար: Այդ գումարը նախատեսվում է կենդանիների տեղափոխության, խնամքի և վերականգնման համար:

Կազմակերպությունը հուսով է, որ կկարողանա արջերից մի քանիսին բաց թողնել անտառներ, բայց քանի որ նրանց մի մասն իրենց ամբողջ կյանքն անցկացրել են գերության մեջ, այն կառուցում է 75.000 եվրո արժողությամբ ապաստարան այն կենդանիների համար, որոնք չեն կարողանա գոյատևել վայրի պայմաններում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել