«Մենք այդպիսի փոփոխություն առաջարկելու մտադրություն չունենք». Վիգեն Սարգսյանը՝ պարտադիր զինվորական ծառայության 2 տարին 3-ով փոխարինելու մասին

Մենք այդպիսի փոփոխություն առաջարկելու մտադրություն չունենք: Այսպես է պատասխանել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պարտադիր զինվորական ծառայության 2 տարին փոխարինվեն 3-ով:

Նախարարի խոսքով՝ այդ թյուրիմացությունը ծագել է «լայք» հավաքով լրատվամիջոցների վերնագիր կազմելու արվեստից, որը ուղղակի մարդկանց ուշադրությունը գրավելու համար է:

«Օրենքը չկարդալով մի ձևակերպում են տվել: Շատ ցավալի է տեսնել, որ մամուլը՝ առանց օրենքին ծանոթանալու հեռու գնացող եզրահանգումներ է անում, վերլուծություններ է անում և այլն: Խոսքի ազատություն է, ով ոնց ուզում է, բայց դա նաև որակ է ու որակին համապատասխան վերաբերմունք է նաև ձևավորվում մեզ մոտ»,-նշեց նա:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝  այս նոր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով, որը այժմ քննարկվում է ԱԺ-ում, ժամկետի փոփոխություն չի նախատեսվում:

«Եթե այդպիսի խնդիր առաջանա, ապա միայն Ազգային ժողովն է իրավասու նման որոշում կայացնել: Մեր հաշվարկները այս պահին չեն հուշում, որ այդպիսի անհրաժեշտություն կարող է առաջանալ, մենք այդպիսի փոփոխություն առաջարկելու մտադրություն չունենք»,-ասաց պաշտպանության նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել