Գառնի գյուղում էլեկտրական հեծանիվների կայան է բացվել, ինչպես նաև մեկնարկել է արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկումը։
Էլեկտրական հեծանիվների կայանի բացման արարողությունը տեղի է ունեցել «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում: «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի «Կանաչ շարժունակության» հեծանվակայանը զինված է արևային վահանակներով և մարտկոցներով: Հեծանիվները լիցքավորվում են միայն արևից ստացված էներգիայով՝ բացառելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները։ Գառնի գյուղում հեծանվակայանի տեղադրման նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։
Հեծանվակայանի բացմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը, ՀՀ բնապահպանության, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և գյուղատնտեսության փոխնախարարները։ Հեծանվակայանի բացումից հետո մասնակիցները էլեկտրական հեծանիվներ վարեցին մինչև Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ։
Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվներ կամ լիցքավորել դրանք։ «Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ։ Նախագծի նպատակն էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։
«Էլեկտրական հեծանիվների կայանի բացումը ծանրակշիռ քայլ է առողջ ապրելակերպի, Հայաստանում մշակութային և բնապահպանական զբոսաշրջության զարգացման, բնապահպանության, հեծանիվով երթևեկողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ամեն մեկը չէ, որ կարող է հեշտությամբ տեղաշարժվել մեխանիկական հեծանիվով՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական առանձնահատկությունները: Այս առումով, էլեկտրական շարժիչով հեծանիվների ենթակառուցվածքի ներդրումն այլընտրանք չունի», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նույն օրը Գառնիում գործարկվեց արտաքին LED լուսավորության համակարգ: Վայրի բնության և մշակութային արժեքներիպահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծիշրջանակում՝ Գառնիում իրականացված՝ արտաքին լուսավորության համակարգի արդիականացման առաջին փուլով տեղակայվել է 47 LED լուսարձակ՝ լուսավորելով ավելի քան 2 կմ տարածություն:
Գյուղում տեղակայված արտաքին լուսավորության նախկին համակարգը էլեկտրաէներգի սպառելու տեսանկյունից եղել է ոչ արդյունավետ, սպառվել է սպասվածից ավելի շատ էկելտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Նախկին համակարգի լուսարձակները 5-6 անգամ ավելի հզոր են եղել, քան՝ նոր տեղադրված բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակները։
Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: