Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այսօր կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։
Այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը:
Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է նաև, որ հարևան խուց է տեղափոխվել դատապարտյալ, ով անընդմեջ բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցնում խցերում պահվող բոլոր անձանց հասցեին:
Խնդիրն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, ինչի արդյունքում նշված դատապարտյալը տեղափոխվել է այլ խուց:
Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ն. Պողոսյանը կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման տատանումներ, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Ն. Պողոսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները:
Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է փաստաբան Ա. Պապիկյանի հետ: