Գյուղնախը անհատույց թունաքիմիկատ է տրամադրել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության  մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, եւ անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու եւ խաղողի այգիները, ինչպես նաեւ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

Հնարավոր վնասները կանխելու եւ գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր:

Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել են անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ եւ օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետեւել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:

«Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել  Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների մասնագետներին եւ «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ագրոնոմներին:

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաեւ 2018 թվականին` գարնանային պայքարի միջոցառումներ կազմակերպելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել