Երևանի հիմնադրման 2799 տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից:
Մասնավորապես, քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից, ավանդույթի համաձայն, մշակվել է տոնական ձևավորման ուղեցույց, որը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Էրեբունի-Երևան 2799» բաժնում՝ https://www.yerevan.am/am/erebuni-yerevan-2799/:
Այստեղ ներկայացված են շենքերի տոնական ձևավորման դիզայներական լուծումներ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռված ներբեռնելու «Երևան` սիրո քաղաք» կարգախոսի և #ՏեսԵրևանը, #ԼսիրԵրևանը, #ԶգաԵրևանը, #ՍիրիրԵրևանը չորս հիմնական բաղադրիչերի լոգոտիպերը:
Միաժամանակ, Երևանն առավել գեղեցիկ և ներկայանալի դարձնելու և քաղաքապետարանի ջանքերն ամբողջականացնելու համար ակնկալում ենք, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման մասնակից կդառնան նաև երևանցիները:
Ըստ այդմ, կոչ ենք անում բոլոր տնտեսվարողներին, անհատներին և կազմակերպություններին՝ տոնական ոճով ձևավորել շենքերի մուտքերը, ճակատային հատվածները, բնակարանների պատշգամբներն ու բազրիքները:
Երևանը բոլորիս մայրաքաղաքն է, իսկ մեր քաղաքի ծննդյան օրը՝ «Էրեբունի-Երևան»-ը, բոլորիս համախմբող, ջերմություն և դրական լիցքեր հաղորդող սիրելի տոնն է:
Հարցերի դեպքում անհատներն ու կազմակերպությունները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ 011-514-212 :