Կառավարոթւյան սեպտեմբերի 28-ի նիստում որոշում կկայացվի ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ԵՎ դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին:
Նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ,
Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն հանքագործական գործունեության մեջ օգտագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից չեն օգտվում, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ,
հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) վարող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ:
Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 191-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը ներկայումս սահմանված չէ:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը:
Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգն է:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը: