ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգումկատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են քննությունների և ստուգարքների կազմակերպմանը, գիտելիքների ստուգմանը և գնահատմանը, ուսանողի՝ դասերին մասնակցելու խնդիրներին, ակադեմիական պարտքերի մարմանը և այլն:
Համաձայն նոր կարգի՝ բակալավրի կրթական ծրագրի յուրաքանչյուր կիսամյակային քննաշրջանում անցկացվելու է առավելագույնը 5 քննություն, բացառությամբ առաջին կիսամյակի, որտեղ քննությունների թիվը չի գերազանցելու 3-ը:
Ընթացիկ քննություններն անցկացվելու են դասերի փաստացի սկսվելու պահից՝ առկա ուսուցման դեպքում՝ ուսումնառության կիսամյակի 9-րդ և 17-րդ շաբաթներում, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 6-7-րդ և 11-12-րդ շաբաթներում: Առկա ուսուցմամբ սովորողների համար այդ շաբաթներում, ի տարբերություն նախորդ տարիների, դասեր չեն կազմակերպվելու:
Ստուգարքի/եզրափակիչ քննության տեղեկագրում ուսանողի անվան դիմաց յուրաքանչյուր նշում կատարվելու է միայն ուսանողի ներկայությամբ:
Նոր կարգի համաձայն՝ փոխվել է նաև ուսանողների գիտելիքների գնահատման գործընթացի կազմակերպումը: Նախկինում ուսանողի ներկայության համար տրվող 2 միավորն այլևս չի լինելու: Ըստ այդմ՝ այն դասընթացների գնահատականները, որոնք ամփոփվելու են եզրափակիչ գնահատումով, ձևավորվելու են կիսամյակի ընթացքում անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվելու է առավելագույնը 5 միավոր (նախկին 4-ի փոխարեն), և եզրափակիչ քննության արդյունքից, որը կարող է գնահատվել առավելագույնը 10 միավոր:
Իսկ ահա առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվելու է կիսամյակի ընթացքում 2 ընթացիկ քննությունների արդյունքներով, որի վերջնական գնահատականը ձևավորվելու է կիսամյակի ընթացքում 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 10 (նախկին 9-ի փոխարեն) միավոր:
Այն ուսանողները, որոնք քննաշրջանի արդյունքներով դրական (8 և բարձր) միավոր կստանան, չեն կարողանա վերահանձնել տվյալ դասընթացը։
Եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում ընթացիկ քննություններից որևէ մեկին չներկայացած ուսանողին չի թույլատրվելու այն վերահանձնել, իսկ առանց եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում ուսանողը կարող է այն հանձնել լուծարքային շրջանում:
Առանց ընթացիկ գնահատման դասընթացի քննությանը կամ ստուգարքային դասընթացի ստուգարքին չներկայացած ուսանողը կարող է այն հանձնել լուծարքային շրջանում:
Եզրափակիչ գնահատումով դասընթացի նվազագույն միավորի՝ 8-ի շեմը չապահոված ուսանողն ակադեմիական պարտքերի մարման շրջանում պետք է վերահանձնի եզրափակիչ քննությունը` վերջինիս համար սահմանված 10 միավորի ձեռքբերման հնարավորությամբ, իսկ առանց եզրափակիչ գնահատման դասընթացի դեպքում պետք է իր ցանկությամբ վերահանձնի մեկը կամ երկուսը՝ վաստակելով 8 և ավելի միավոր: Գնահատման վերոնշյալ կանոնները վերաբերում են նաև հեռակա ուսուցման համակարգին:
Նոր կարգի համաձայն՝ բակալավրի կրթական ծրագրում ակադեմիական պարտքերի մարման շրջանից հետո, եթե առաջացած առարկայական պարտքերի կրեդիտների գումարը չգերազանցի 12-ը, ապա ուսանողը (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունվածների) կարող է առարկայական պարտքերը մարել մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը` վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով այդ առարկաների դասընթացները:
Իսկ ահա մագիստրոսի կրթական ծրագրում ակադեմիական պարտքերի մարման շրջանից հետո թույլատրվում է հանձնել մինչև 12 կրեդիտ առարկայական պարտք(եր)ը, եթե դասընթացի գնահատման արդյունարար միավորը 5-7 տիրույթում է, իսկ 4 և ցածր միավորի դեպքում ուսանողը կհեռացվի համալսարանից:
Նշենք նաև, որ մագիստրոսական թեզի ատեստավորումը չանցած ուսանողը հեռացվելու է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով: Հեռացված ուսանողը վերականգնումից հետո շարունակելու է կատարել նախկինում հաստատված թեմայով մագիստրոսական թեզը:
Համաձայն նոր կարգի՝ ավարտական կիսամյակում ընթացիկ քննություններ չեն նախատեսվում. լինելու են միայն եզրափակիչ քննություններ:
Տեղեկացնենք, որ փոփոխված կարգը ուժի մեջ է մտել 2017-2018 ուստարվա սեպտեմբերի 1-ից: