ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնում է ՌԴ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազան քաղաքում սեպտեմբերի 27-ին կայանալիք  ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում քննարկվելու են Միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների իրականացման արդյունքները, հակակոռուպցիոն պայքարի ընդհանուր կոնցեպցիայի մշակման ընթացքը, ինչպես նաև կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ձևավորման համաձայնագրին միացած ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցության ուղղություններին և շրջանակներին առնչվող հարցեր: Նախատեսվում է նաև Միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմի ընտրությունը և 2018թ. գործունեության պլանի հաստատումը:

Արթուր Դավթյանն այցի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ:

ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության նախագահների կողմից՝ 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա: Այն կոչված է կոորդինացնելու կոռուպցիայի համատեղ հակազդմանն ուղղված աշխատանքները, դիտարկման ենթարկելու անդամ-երկրների՝ այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, համագործակցելու միջազգային համապատասխան կառույցների հետ: Խորհրդի նպատակներից են կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղությունների հստակեցումը, հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության ակտիվ փոխանակումը և այլն:

Իրավաբան.Net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել