Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանվում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել փոխհատուցում:
Պետք է նկատի ունենալ, որ փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Սահմանադրական դատարանն այս հարցի շուրջ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը.
Գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը ենթադրում է.
– հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,
– թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող 1087.1-րդ հոդվածում փոխհատուցման և գույքային վնասի հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ
– փոխհատուցման պահանջն անձի` իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից դատական կարգով պաշտպանվելու օրենքով նախատեսված միջոց է,
– գույքային վնասը վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձի կրած նյութական բնույթի զրկանքներն են, կորուստը, այդ թվում` դատական ծախսերը, խախտված իրավունքների վերականգնման համար կատարված ողջամիտ ծախսերը, որոնք համապատասխան փաստերով դատարանում ենթակա են հիմնավորման և վերականգնման,
– փոխհատուցման չափը որոշում է դատարանը` ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, այդ թվում` վիրավորանքի կամ զրպարտության եղանակից և տարածման շրջանակից, ինչպես նաև վիրավորողի և (կամ) զրպարտողի գույքային դրությունից,
– փոխհատուցման, ինչպես նաև գույքային վնասի հատուցման հարց դատարանը քննում է բացառապես այն անձի պահանջով, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է,
– փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի չի առնում վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձին պատճառված գույքային վնասը: