Նախարար Արծվիկ Մինասյանը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ տնօրենի պաշտոնում նշանակված Մերուժան Գալստյանին:
Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գևորգ Ներսիսյանին համատեղ աշխատանքի համար և նորանշանակ տնօրենին և աշխատակիցներին ներկայացրել պետական հիմնարկի աշխատանքների նոր սկզբունքները և առաջնային լուծման ենթակա խնդիրները: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ բոլոր նախաձեռնություններում պետք է առաջնահերթ դիտարկել տնտեսական էկոհամակարգային մոտեցումը, իսկ իրականացվող բնապահպանական ծրագրերի հիմնական բաղադրիչներից պետք է լինի հասարակության մոտ էկոմշակույթի ձևավորումը: Ա. Մինասյանը կարևորել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող բոլոր դրամաշնորհային բնապահպանական ծրագրերի ծախսերի մասով հաշվետու լինելը հասարակության առաջ, հանձնարարել բարձրացնել դրանց արդյունավետությունը:
«Այդ նպատակն է հետապնդում նաև իրականացվող ծրագրերի ներառումը պետական բյուջեում, դրանց իրականացման թափանցիկությունը և հրապարակայնությունն ապահովելու համար: Իսկ այն ծրագրերը, որոնք առարկայական պայմաններով չեն ներառվի բյուջեում, պետք է նույն չափանիշներով թափանցիկ իրականացվեն: Միայն այդ ձևով կարելի է ստանալ հասարակության վստահությունը բնապահպանական ծրագրերի իրականացման գործընթացում»,- նշել է բնապահպանության նախարարը:
Ըստ Ա Մինասյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն իր աշխատանքներով պետք է համապատասխանի ՀՀ բնապահպանության նախարարության` որպես շրջակա միջավայրի պահպանության հարցերում պատասխանատու, բնապահպանական քաղաքականություն իրականացնող գերատեսչության որդեգրած նոր չափանիշներին:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն Սամվել Բալոյանը ներկայացրել է ընթացիկ բնապահպանական ծրագրերը և առաջիկա անելիքները:
Արծվիկ Մինասյանը շրջայց է կատարել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատասենյակներով, ծանոթացել ստորաբաժանումների իրականացրած գործառույթներին` տվել համապատասխան հանձնարարականներ: