Որոշում` փաստաբան Ռուստամ Բադասյանի իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետՀանձնաժողով), ընդլայնված կազմով, մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ` Լիանա Բալյանի, Արսեն Մկրտչյանի, Արագ արձագանքման հանձնախմբի համակարգող` Գևորգ Մկրտչյանի, փաստաբան Ռուստամ Բադասյանի, ուսումնասիրելով Գևորգ Մկրտչյանի կողմից 01.09.2017թ. կազմած արձանագրությունը, լսելով Գևորգ Մկրտչյանի և Ռուստամ Բադասյանի բացատրությունը, պարզեց հետևյալը.

ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանի կազմած 01.09.2017թ. արձանագրությամբ և Հանձնաժողովի նիստին տված բացատրության համաձայն. «ս/թ սեպտեմբերի 1-ին ժամը 11:30-ին ստանալով զանգ փաստաբան Սուրեն Գրիգորյանից, այն մասին, որ իր գործընկեր Ռուստամ Բադասյանը գտնվում է Մուրացան փողոցում, որտեղ խուզարկություն է կատարվում իրենց վստահորդներից մեկի մոտ, ով հայտնել է, որ ցանկանում է որպեսզի պաշտպանը ներկա գտնվի, սակայն Ռուստամ Բադասյանին այդտեղից հրելով դուրս են հանել: Այդ ժամանակ Գևորգ Մկրտչյանը կապ հաստատելով Ռուստամ Բադասայանի հետ, վերջինից պարզել է, որ նա վստահորդի կանչով գտնվում է Մուրացան հիվանդանոցային համալիրում:

Ժամը 11:45-ի սահմաններում հասնելով նշված վայր պարզել է, որ հիվանդանոցի աշխատակիցներից մեկի աշխատասենյակում կատարվում է խուզարկություն, որին մասնակցող անձի ներկայացուցիչ փաստաբան Ռուստամ Բադասյանին չեն թույլատրում ներկա գտնվել քննչական նշված գործողությանը:

Փորձելով պարզել փաստաբանին խուզարկությանը ներկա գտնվելուն չթույլատրելու պատճառները՝ պարզաբանում է խնդրել նշված աշխատասենյակից դուրս եկող անձից, ով ներկայանալով որպես ՀՀ քննչական կոմիտեի քննիչ, քննչական խմբի անդամ Նշան Ղազարյան և ըստ էության պատասխանել է, որ փաստաբանը կարող է մասնակցել քննչական գործողությանը, եթե ներսում է գտնվում, իսկ այս պահին ընթացող քննչական գործողությունը դեռևս կիսատ է: Այն հարցին, թե ինչու այդ դեպքում քննչական գործողությանը փաստաբանին չեք թողնում, որպեսզի մտնի աշխատասենյակ՝ Նշան Ղազարյանը պատասխանել է, որ գործողություն է կատարվում, թողեք, որ այդ մարդիկ իրենց գործողությունը կատարեն ավարտեն, այնուհետև:

Մոտ երկու ժամ սպասելով նշված աշխատասենսենյակի մոտ և երբեմն դուռը թակելու միջոցով փորձելով ներսում գտնվող անձանցից որևէ պարզաբանում ստանալ փաստաբանին քննչական գործողություններին չթույլատրելու վերաբերյալ, սենյակի դուռը բացվել և հայտնվել է, որ խուզորկությունն ավարտվել է, իսկ քննչական խմբի ղեկավար ներկայացած քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչությունից Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ քննչական գործողությունը կատարվել է քրեական դատավարությամբ սահմանված ընթացակարգով սահմանված կարգով, իսկ մնացած հարցերով դիմեք քննչական կոմիտեին»:

Փաստաբան Ռուստամ Բադասյանը բացատրություն տվեց այն մասին, որ «իր վստահորդը մինչև խուզարկության փաստացի սկսվելը ցանկություն է հայտնել, որ ապահովվի իր փաստաբանի ներկայությունը, սակայն քննիչը որևէ կերպ ընթացք չի տվել այդ միջնորդությանը։ Բացի այդ, ինքը փորձել է մուտք գործել ախատասենյակ, սակայն ՀԿԳ քննիչ Ռաֆայել Վարդանյանը, առանց որևէ պատճառաբանությամբ չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը քննչական գործողությանը, փակել է սենյակի դուռը։

ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խումբը դեպքի վայրում արձանագրել է, որ փաստաբանը չի կարողանում մասնակցել քննչական գործողությանը, տեղում զրուցել է քննչական խմբի անդամների հետ, որոնք նշել են, որ ներսում քննչական գործողություն է, այն արդեն սկսվել է և միայն ավրտից հետո կարող է փաստաբանը տեսնել վստահորդին։ Կազմվել է համապատասխան արձանագրություն»։

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք: (…)»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: (…)»:

Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն. «Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ` այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը.»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Անձինք, որոնց մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ինչպես նաև ընթերակաները, մասնագետները, թարգմանիչները, ներկայացուցիչները, պաշտպաններն իրավունք ունեն ներկա գտնվել քննիչի բոլոր գործողություններին, անել հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:»։

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից «քրեական մեղադրանք» եզրույթի մեկնաբանության իմաստով և սույն գործի փաստերի համաձայն փաստաբանի վստահորդը ունեցել է կասկածյալի կարգավիճակ, ուստի ունեցել է վերը նշված նորմերով սահմանված և երաշխավորված իրավունքները, ցանկացել է, որպեսզի խուզարկությանը մասնակցի իր փաստաբանը, կանչել է նրան, փաստաբան Ռուստամ Բադասյանը ներկայացել է կանչի հիման վրա և ունեցել է իր վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալու, ավելին` պաշտպանելու իրավունք, սակայն վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել նրա մասնակցությունը խուզարկությանը։

Հանձնաժողովը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի վերը նշված գործողություններով խախտվել են փաստաբան Ռուստամ Բադասյանի, ինչպես նաև նրա վստահորդի իրավունքները:

Ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով, Հանձնաժողովը որոշեց հանդես գալ հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ.

–           ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը անթույլատրելի է համարում փաստաբանների օրինական գործունեության ցանկացած խոչընդոտում և խստիվ դատապարտում է վարույթն իրականացնող քննիչներ Ռաֆայել Վարդանյանի ու Նշան Ղազարյանի գործողությունները, որոնցով խոչընդոտել են իր վստահորդի կանչով ներկայացած փաստաբան Ռուստամ Բադասյանի մասնագիտական գործունեությունը` նրան թույլ չտալով մասնակցել 01.09.2017թ. քնչական գործողությանը` խուզարկությանը:

–           ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ քննիչների նման գործողություններով խախտվել են ինչպես փաստաբան Ռուստամ Բադասյանի իրավունքները, այնպես էլ նրա վստահորդի իրավունքները:

ՀՀ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել