Սկսվել է խաղողի մթերման գործընթացը․ Գյուղնախ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով այսօր եղել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը:

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության մասնաճյուղում, հետևել աշխատանքների ընթացքին:

«Մի շարք գործարաններ` Պռոշյանի կոնյակի գործարանը, «Արմենիա վայն» ընկերությունն արդեն սկսել են մթերումները վաղահաս խաղողի և գինու արտադրության համար, սակայն մեծածավալ մթերումը սկսվում է այսօր: Երևանի կոնյակի գործարանն այսօր մեկնարկեց գործընթացը, մյուս ընկերությունները նույնպես պատրաստ են մթերումներ իրականացնել:

Մեր կանխատեսումներով` եթե բոլոր ընկերություններն իրենց հայտարարած ծավալներով մթերումներ իրականացնել, ապա խնդիրներ ընդհանրապես չեն առաջանա: Այս տարի կմթերվի շուրջ այնքան խաղող, որքան նախորդ տարի` 109-110 000 տոննա»,-լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Առաքելյանը:

Որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, և հանրությանը հավաստի տվյալներ ներկայացվեն, ՀՀ կառավարության հանձնարարությամբ Գյուղատնտեսության նախարարությունը վերամշակողներից կհավաքագրի մթերված բերքի ծավալներին վերաբերող տվյալները, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհամադրի դրանք արտադրված գինենյութի ցուցանիշների հետ:

Նախարարությունից նշում են, որ ցածր տոկոսադրույքով մատչելի մթերման վարկերի տրամադրումն այս տարի կնպաստի նաև վճարումների կատարման խնդիրների լուծմանը: Նախարարն ընդգծել է, որ հետևելու են, որպեսզի գումարն ուղղվի այն ընկերություններին, որոնք գյուղացուց են մթերումներ իրականացնում, խաղողի սեփական այգիներ ունեցող վերամշակողների հայտերը մերժվելու են, լինելու է մոնիթորինգ և խիստ վերահսկողություն: 14 ընկերությունների հայտեր ուսումնասիրման փուլում են:

Նախարարի խոսքով` մթերման գինը կորոշեն ընկերություններն ու գյուղացիական տնտեսությունները կնքված պայմանագրերի համաձայն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել