Դեռևս օգոստոս ամսին Երևանի քաղաքապետարանը համապատասխան ընթացակարգով վարչական վարույթներ էր իրականացրել, որոնց նպատակը պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին առկա տարատեսակ գովազդների կանոնակարգումն էր: Մասնավորապես, այդ նպատակով կազմվել էին գովազդային անձնագրեր, որտեղ մանրամասն նշված էր, թե ինչ տեսք պետք է ունենան գովազդները, որպեսզի չխաթարեն այդ շենքերի ճարտարապետական դիմագիծը:
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/70/a46c03f40d6fa1e86d6366828419fe19683c596b.jpeg)
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այդ մասին իրազեկվել են տնտեսվարող սուբյեկտները: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ, սեպտեմբերի 11-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայից մեկնարկել են գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները: Ընդ որում, Տիգրան Մեծ պողոտայում առկա 60 պատմամշակութային շենքերի գերակշիռ մասը գտնվում է Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոցն ընկած հատվածում:
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/70/042906127dc5735dff94b577b0f82c32a86a7647.jpeg)
Ապամոնտաժման աշխատանքների ընթացքին հետևող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է,
որ տնտեսվարողները հիմնականում սեփական ուժերով են ապամոնտաժում գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները, նրանցից շատերը սկսել են ներկայացնել գովազդային անձնագրերին համապատասխան նոր ցուցանակները` տեղադրման համապատասխան կարգով նոր թույլտվություն ստանալու համար: Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերից հետո գովազդային անձնագրեր կկազմվեն մյուս բոլոր շենքերի համար: Հետևաբար նոր գործունեություն ծավալող տնտեսվարողները շինություններ ձեռք բերելիս կամ վարձակալելիս տեղեկացված կլինեն, թե ինչպիսին պետք է լինի տվյալ շենքի վրա տեղադրվող գովազդը: Մինչ այդ, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի հավաստմամբ, այն տնտեսվարողները, ովքեր գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները կապամոնտաժեն սեփական ուժերով, պատասխանատվության չեն ենթարկվի, հակառակ պարագայում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով:
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/70/924cb92c9b25746de14af3be9b3be142158e81a5.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/70/45e1fe54e85df6dabedc364ee263b77798db7350.jpeg)