Գորիսում կայացած հանդիպման ժամանակ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանն անդրադարձել է նաև Պալատի կողմից ներդրված և իրականացվող անվճար իրավաբանական օգնության համակարգին:
«Փորձեցինք զարգացնել Pro bono՝ անվճար իրավաբանական օգնության համակարգը: Մենք Երևանում յուրաքանչյուր հինգշաբթի բաց դռների օր ենք հայտարարել, ցանկացած քաղաքացի կարող է օգտվել այդ հնարավորությունից: Իրականացնում ենք դա Փաստաբանական դպրոցի հետ համատեղ: Մարզերում ենք հաճախ կազմակերպում: Խնդիրը կայանում է նրանում, որ դեռևս ծանրաբեռնվածության հարցը չի լուծվել, գնալով ավելի է ծանրաբեռնվում: Պատճառներից հիմնականը նախ հանցավորության հավանական աճն է: Եթե դատական գործերի վիճակագրությանը հետևենք, ապա կտեսնենք, որ տարեցտարի ավելանում են գործերի քանակը»,-հայտնել է Զոհրաբյանը։
Անդրադառնալով Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության արդյունավետությանը Արա Զոհրաբյանը կարևորել է իրավաբանական օգնության որակական կողմը:
«Մենք ակցենտը դրեցինք նրա վրա, որ հանրային պաշտպանի գրասենյակը պետք է որակ տա: Իսկ որակով ծառայությունը բերում է նրան, որ բոլորը գալիս են: Չես վճարում, բայց որակյալ ծառայություն ես ստանում: Այսինքն, դա մոտիվացրեց, որ մարդիկ գան Հանրային պաշտպանի գրասենյակ»,-նշել է Պալատի նախագահի թեկնածուն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզերում հանրային պաշտպանների գործունեությանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: