ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են Քննչական կոմիտեից:
Ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 29-ին, Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Ուիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում, մի տղամարդ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, ժամը 15։30-ի սահմաններում ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկելու ձևով պատանդ է վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։ Մինչ այդ կոտրվել են նաեւ խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել է գույքը։ Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների, ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։
Կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել, եւ տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Պատանդ վերցված կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջը պատանդ վերցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ստեղծվել է քննչական խումբ եւ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։