Օգոստոսի 27-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է բարեգործական հերթական այցով Արցախ ժամանած ռուսաստանաբնակ հայ գործարար Էդգար Արամյանին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ համառոտ անդրադարձավ հանրապետության զինված ուժերում իրականացվող գործընթացներին և այդ համատեքստում աշխարհասփյուռ հայության ունեցած ակտիվ մասնակցությանը, ապա իր երախտիքի խոսքն ասաց բարերարին բանակի և ընդհանրապես արցախահայության հանդեպ պարբերաբար դրսևորվող ուշադիր և նպատակային վերաբերմունքի համար:
Նույն օրը հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի և բարերարի մասնակցությամբ բանակի շտաբում տեղի ունեցավ հանդիպում 2016թ. ապրիլյան առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ: Էդգար Արամյանը նախ մեծարանքի խոսքեր ասաց հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հասցեին, իսկ այնուհետև դիմելով նրանց հարազատներին, հավաստիացրեց, որ ինչպես ինքը, այնպես էլ օտար ափերում ապրող յուրաքանչյուր հայ եղել և լինելու են Արցախի կողքին:
Հանդիպման ավարտին, որպես ասվածի գործնական հաստատում, բարերարի կողմից զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվեց ֆինանսական ու նյութական օժանդակություն, իսկ ինքը՝ բարերար Էդգար Արամյանը, բանակի և արցախահայության հանդեպ դրսևորած ուշադիր և սրտացավ վերաբերմունքի համար արժանացավ Արցախի պաշտպանության նախարարի շնորհակալագրին: