Այսօր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը և Անի Սամսոնյանը այցելել են Մոլդովական 29/1-6 հասցեի հանրակացարանային շենքեր և հանդիպել բնակիչների հետ։
Հանրակացարանային համալիրը ներառում է հինգ շենք, յուրաքանչյուրն ունի ութ հարկ, յուրաքանչյուր հարկում՝ 30 բնակարան։ Այստեղ բնակվում է շուրջ 6000 քաղաքացի։
Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրել են իրենց բնակության կենցաղային պայմանները և բարձրացրել մի շարք հարցեր՝ կապված վերելակների սարքինության, աղբահանության, տարածված գարշահոտության, շենքի տանիքների վերանորոոգման ու բարեկարգման, հարկերում ճեղքված պատերի, կոտրված մեծածավալ ապակիների, անձրևաջրերի արտահոսքերի կանխման, հակասանիտարական պայմանների վերաբերյալ։ Բնակիչներն ունեն նաև ավտոկայանատեղիների և խաղահրապարակների կառուցման, համատիրության անգործության, թափառող շների հետ կապված խնդիրներ։ Բնակիչների գիշերային հանգիստը խաթարող աղմուկի խնդիրը լուծելու համար, նրանք պահանջում են ստեղծել ոստիկանական պահակակետ։
Այցի ընթացքում պատգամավորը և ավագանու անդամները շրջել են շենքերով, ծանոթացել բոլոր խնդիրներին, հանդիպել մեկ սենյակում բնակվող բազմազավակ ընտանիքներին։
Բնակիչների խնդրանքով պատգամավոր Մանե Թանդիլյանը և Երևանի ավագանու անդամները պատրաստակամ են հետևողականորեն զբաղվել արձանագրած խնդիրներով։