ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
Այսպես, Սևակ Ոսկանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից բռնի ուժով բերման է ենթարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն կորզելու նպատակով նույն պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` 10-11 ժամ ապօրինի զրկել են ազատությունից, վախեցրել` սպառնալով կիրառել այլ բռնի գործողություններ և իրեն մեղսագրել մեկ այլ հանցանքի կատարում: Հետաքննության մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնության, սպառնալիքների և այլ ապօրինի գործողությունների հետևանքով ինքը տվել է կեղծ խոստովանական ցուցմունք, որով հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է այլ անձանց:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաև հետաքննության մարմնի կողմից բռնության գործադրմամբ և այլ ապօրինի գործողություններով դատավարությանը մասնակցող անձին ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: