Արդեն իսկ հանրայաին քննարկման է ներկայացված «Համայնքային թափոնների կառավարման» մասին նոր օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ, նվազեցնել համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին:
Այս օրինագծի 8-րդ հոդվածում սահմանվում է աղբոտելու արգելքը: Միևնույն ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում են նոր հոդվածներ, որոնցով սահմանվում են տույժեր՝ աղբ թափելու համար: Ներկայացնում ենք նախագծի որոշ հատվածներ.
Շրջակայքի աղբոտումը համայնքային թափոններով
-Շրջակայքի աղբոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով (16 հազար դրամ):
-Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից ` քսանապատիկի չափով (20 հազար դրամ):
-Շրջակայքի աղբոտումը կատարված փոխադրամիջոցից, առաջացնում է տուգանքի նշանակում վարորդի, իսկ հանրային, այդ թվում երկաթուղային, փոխադրամիջոցի դեպքում՝ իրավախախտի նկատմամբ, սահմանված նվազագույն աշխատավարձի քսանչորսապատիկի չափով (24 հազար դրամ):
-Շրջակայքի աղբոտումը մինչև 5 հատ անվադողով /բացառությամբ հեծանվի դողը/, առաջացնում է տուգանքի նշանակում երեսունապատիկի չափով (30 հազար դրամ),
-Շրջակայքի աղբոտումը 5-ից ավել անվադողով /բացառությամբ հեծանվի դողը/` հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ):
-Շրջակայքի աղբոտումը մարտկոցներով, էլեկտրական կուտակիչներով, էլեկտրալամպերով, էլեկտրոնային ապրանքներով, գրաֆիտային էլեկտրոդներով, կտրող և ծակող առարկաներով /ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ/, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):
-Շրջակայքի աղբոտումը 2 կգ և ավել համայնքային թափոնով /բացառությամբ սույն հոդվածի հաջորդ մասով նախատեսված դեպքերից/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձնաց դեպքում` երեսունապատիկի (30 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց դեպքում` հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ):
Շրջակայքի աղբոտումը 1 խոր. մ և ավել համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` վաթսունապատիկի (60 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց դեպքում` երկուհարյուրապատիկի չափով (200հազար դրամ):
Շրջակայքի աղբոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով /ներառյալ փոխադրամիջոցներով, էլեկտրական և ինժեներական սարքավորումներով, շինարարական կամ այլ նման սարքավորումներով/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի (100 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց դեպքում` երեքհարյուրապատիկի չափով(300 հազար դրամ)
Շրջակայքի աղբոտումը կենդանական թափոններով
-Շրջակայքի աղբոտումը կենդանիների մինչև 20 կգ զանգվածով /ներառյալ սպանդանոցներից/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց նկատմամբ` երեսունապատիկի(30 հազար դրամ), և իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ) ,
Շրջակայքի աղբոտումը կենդանիների 20 կգ գերազանցող զանգվածով /ներառյալ սպանդանոցներից/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց նկատմամբ` վաթսունապատիկի (60 հազար դրամ), իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով (200 հազար դրամ):
Անվտանգ թափոնի այրումը բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում
-Անվտանգ թափոնների այրումը /այդ թվում տերևները, կանաչ/այգու, կենցաղային թափոնները/ բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով (40 հազար դրամ):
-Անվտանգ թափոնների /բացառությամբ սույն առաջին պարբերության նշվածի/ այրումը /այդ թվում անվադողերը, ռետինե և այլ էլաստիկ նյութեր/ բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ):
Ամբողջական նախագիծն՝ այստեղ: