ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Երևանի 24-ամյա բնակչին առևանգելու և ծեծի ենթարկելու հանգամանքները:
2017 թվականի օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ, 1993թ. ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։ Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել,ապա որոշ ժամանակ անց բաց թողել։
Նկատի ունենալով, որ երիտասարդի հաղորդման մեջ առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կազմվել է քննչական խումբ: Երիտասարդը ճանաչվել է տուժող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: