Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 13-ին հրաման էր ստորագրել ԱԺ պատգամավորի թեկնածության հայերեն գիտելիքների ստուգման վերաբերյալ:
Հրամանով սահամնված է գիտելիքի ստուգման կարգը:
1 Սույն կարգով կարգավորվում են որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու (այսուհետ՝ քաղաքացի)՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի
բացակայության դեպքում՝ հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն (այսուհետ՝ ստուգում) իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է
տեղեկանք հայերենին տիրապետելու մասին (այսուհետ՝ տեղեկանք):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում է թեստավորման համար առաջադրանքների հարցաշար, որը, ինչպես նաև գրականության ցանկը կամ
հղումները, Ազգային ժողովի ընտրության օրվանից առնվազն երկու ամիս առաջ պարտադիր կարգով տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում: Հարցաշարի հետ միաժամանակ կայքէջում տեղադրվում է նաև աաջադրանքների կազմման աղբյուրը:
4. Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության մի քանի բաժիններ՝ հետևյալ հարաբերակցությամբ`
1) «Ուղղագրություն» – 35%.
2) «Ուղղախոսություն» – 35%.
3) «Բառագիտություն» – 30%:
5. Տեղեկանք ստանալու համար քաղաքացին դիմում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը, ինչպես նաև նշում է այն էլեկտրոնային հասցեն
կամ հեռախոսահամարը, որով կարող է տեղեկացվել թեստավորման անցկացման վայրի և ժամի մասին:
6. Դիմումը նախարարությունում մուտքագրվելուց հետո երկրորդ աշխատանքային օրը՝ նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով, որը կազմված է առնվազն 3 անդամից: Մեկ անգամ դիմում ներկայացնելը չի սահմանափակում քաղաքացու՝ կրկին անգամ դիմելու հնարավորությունը:
7. Քաղաքացին թեստավորման անցկացման վայրի և ժամի մասին է լրացուցիչ
տեղեկացվում է:
8. Թեստավորումն անցկացվում է գրավոր՝ այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ
ունեցող քաղաքացիների համար ստեղծվում են լրացուցիչ պայմաններ:
9. Քաղաքացին թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովը ստուգում է նրա ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ:
10. Թեստավորման ընթացքում քաղաքացուն արգելվում է սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր
հանդիսացող այլ միջոցներ:
11. Քաղաքացու ներկայությամբ Հանձնաժողովի անդամներից մեկը համակարգչի միջոցով ձևավորում է թեստ և այն ամփոփաթերթի հետ տրամադրում քաղաքացուն:
12. Թեստը բաղկացած է սույն կարգի 4-րդ կետով սահմանված համամասնությամբ պատահականության սկզբունքով ընտրված 30 առաջադրանքից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ
պատասխանն է:
13. Քաղաքացին ամփոփաթերթում լրացնում է իր անունը, ազգանունը: Այնուհետև հանձնաժողովի անդամներից մեկը կտրում է ամփոփաթերթի անձնական տվյալները պարունակող մասերը, ստուգում դրանց ճիշտ լրացված լինելը:
14. Թեստը բաղկացած է առաջադրանքներից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
15. Թեստավորման առաջադրանքները քաղաքացուն տրամադրելուց հետո հայտարարվում է թեստավորման սկիզբը: Առաջադրանքները կատարելու համար տրվում է 50 րոպե ժամանակ:
16. Քաղաքացին ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթի համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:
17. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քաղաքացին թեստը և ամփոփաթերթը հանձնում է Հանձնաժողովին, դուրս գալիս սենյակից:
18. Հանձնաժողովը ստուգում է առաջադրանքները, հաշվարկում հավաքած միավորների քանակը, արդյունքների վերաբերյալ կազմում արձանագրություն, որը հաստատվում է Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ:
19. Թեստում յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:
20. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո քաղաքացին հրավիրվում է թեստավորման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է նրա հավաքած միավորները:
21. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին`հրապարակումից հետո երեսուն րոպեի ընթացքում, ինչպես նաև՝ վերադասության կարգով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարին:
22. Բողոքարկումը թեստի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քաղաքացու հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
23. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ քաղաքացու բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է քաղաքացու
պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
24. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամանակի ավարտից հետո, նույն օրը Հանձնաժողովը թեստավորման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում ՀՀ կրթության և
գիտության նախարարին:
25. Հանձնաժողովի արձանագրության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարը կայացնում է որոշում՝ քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանք տրամադրելու մասին, եթե թեստավորման արդյունքում քաղաքացին հավաքել է առնվազն 27 միավոր:
26. Մինչև 27 միավոր ստանալու դեպքում քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքի տրամադրումը մերժվում է:
27. Քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը կամ դրա տրամադրման մասին մերժումը տրվում է՝ դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
28. Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:
29. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու քննության անցկացման
վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:
Առաջադրանքներն ու դրան պատասխաներն՝այստեղ: