Փաստաբանների պալատի գործող նախագահ Արա Զաոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով փաստաբաններին, գրել է.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո: 2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` այս ճանապարհը միասին անցնելու, արտաքին ճնշումներին համարժեք պատասխանելու և ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հարազատ ու մասնագիտական վայր դարձնելու համար: Գնահատել և ընդունել եմ մեր մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկությունները: Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու, դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը: Ձեր ընտրությունը կարևոր է ՀՀ փաստաբանների պալատի հետագա զարգացման, առկա ավանդույթների պահպանման, փաստաբանների շահերի պաշտպանության և մեր պետության մեջ փաստաբանի դերն արժևորելու համար:
ՄԵՐ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է:
փաստաբան Արա Զոհրաբյան»: