Կառավարության աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգի և դրա կիրառման գործընթացում․ «Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել կամ գույքը ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է վարձակալության։ Առկա են նաև խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով։ Այս իրավիճակը պայմանավորված է 2001թ․ ընդունված կարգի վերանայման անհրաժեշտությամբ»,- այսօր գործադիրի նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը և հանձնարարեց պատասխանատու մարմինների ղեկավարներին մեկ ամսում առաջարկություններ ներկայացնել գործադիրի աշխատակազմ՝ անդրադառնալով վարձավճարի հաշվարկման բանաձևին, հսկողական մեխանիզմների կատարելագործմանը, կադաստրային և շուկայի արժեքի անհամաչափություններին։