Թիվ ԱՐԱԴ/0072/02/15 քաղաքացիական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անդրադարձել է մինչև 01.05.2016 թվականը գործող իրավակարգավորումներին համապատասխան՝ ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողին լիազորված տիրապետողի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությանը և դրա հետ կապված իրավական հետևանքներին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, անդրադարձել է ԱՊՊԱ վկայագիր լրացնելիս լիազորված տիրապետողի վարորդական իրավունքի վկայականի վերաբերյալ տվյալները նշելու իրավական պահանջին՝ ընդգծելով, որ դրա միջոցով ապահովագրողն ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս պարտավոր էր ստուգել այն անձի մոտ ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունքի առկայությունը, ում ապահովադիրը ցանկանում է տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը՝ վարելու նպատակով: Ապահովագրողի այդ պարտականության պատշաճ կատարումից է կախված հետագայում վերջինիս կողմից վնաս պատճառող անձին հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունքը: Մասնավորապես, եթե ապահովագրողը, ներկայացված փաստաթղթերի հետազոտման և գնահատման արդյունքում անտեսելով դրանցում առկա անհամապատասխանությունն օրենսդրությամբ սահմանված պահանջներին, կնքում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա զրկվում է հետագայում այդ անհամապատասխանությունը հետադարձ պահանջի իրավունքի հիմքում դնելու հնարավորությունից: