«Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, արևի տակ եռացող ձեր մեքենաների ու պատշկամբների ջերմաչափների +50, +55, +60 աստիճան ցուցմունքով նկարները ինձ մի ուղարկեք, օդի ջերմաստիճանը չափվում է բացարձակ ստվերում, արևի ուղիղ ճառագայթների տակ Հայաստանում +75 աստիճան ջերմաստիճան էլ կարող է գրանցվել:
Բնակչությանը խորհուրդ ենք տալիս ցերեկը ժամը 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, արևի ուղիղ ճառագայթների ներքո մասսայական միջոցառումներից, օգտագործել շատ հեղուկներ, բացառել ալկոհոլային խմիչքների օգտագործումը, նաև հիշեցնում է, որ արևի ուղիղ ճառագայթների ներքո երկարատև ֆիզիկական աշխատանքը կարող է առաջ բերել արևահարություն»: Այս մասին գրում և զգուշացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք առաջիկա 5 օրերին գտնվելու ենք տաք օդի ալիքի ակտիվ ազդեցության գոտում, որոնք հանրապետության տարածք են ներթափանցում Իրաքից:
Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, իսկ ցածրադիր վայրերում հնարավոր է նաև՝ 42 աստիճանի: Լեռնային գոտիներում և Լոռիում ջերմաստիճանը կլինի՝ 36, Տավուշի հովտային գոտիներում 39 աստիճան, Մեղրիում, Ագարակում նույնպես հանարվոր է դիտվի 41-42 աստիճան տաքություն: