Օգոստոսի 3-ին ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հետ կապված հարցը: Քննարկման արդյունքում կողմերը որոշել են համատեղ հայտարարությամբ հանդես գալ:
1. Կողմերը կարևորում են դատարանում դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտությունը, հատկապես քրեական այն գործերով, որոնցով անձինք մեղադրվում են կյանքի և առողջության դեմ ուղղված, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեջ:
2. ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է, որ մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը փաստաբանների և նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանութունը, որպես կանոն իրականացնելու է հետևյալ կերպ՝
- Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննվել․
- Եթե կրկին մետաղորսիչը փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ ազդանշան է տալիս, ապա փաստաբանի մոտ առկա իրերի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարվելու է առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական կարգադրիչի (փաստաբանի պահանջի դեպքում նաև նրա կողմից այդ պահին հրավիրած ընթերակայի) մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).
- դատական կարգադրիչները փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հետայսու ինքնուրույն որոնողական գործողություններ չեն կատարելու և որևէ փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթանալու։
3. Սույն հայտարարությունը չի կարող սահմանափակել կողմերի՝ օրենքով վերապահված իրենց իրավասությունները, այդ թվում՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամների անկախությունը: