ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ 21.04.2017թ.-ին Ուռենի ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Արկադի Հովսեփյանի և նշված համալիրի գույքի պահպանությունն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի ու նրա եղբոր միջև: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետևանքով կազմալուծվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, կոպտորեն խախտվել հասարակական կարգը:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ նշված ռեստորանային համալիրում խնջույքի մասնակցած և ոչ սթափ վիճակում գտնվող Արկադի Հովսեփյանը 21.04.2017թ.-ին` 01:30-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենա պատվիրելու հարցի շուրջ, բակում վիճաբանել է ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի հետ, այնուհետև որդու` Նարեկ Հովսեփյանի հետ ծեծի ենթարկել ոստիկանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ա. Շարոյանն էլ, իր հերթին, անտեսելով իրադրությանը միջամտած անձանց հորդորները, հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Ա. Հովսեփյանին: Ծեծկռտուքին միացել է նաև ոստիկան Ա. Շարոյանի կողմից հեռախոսով դեպքի վայր կանչված վերջինիս եղբայրը` Դավիթ Շարոյանը, ով նույնպես ոստիկանության աշխատակից է, ունի սպայական կոչում: Վերջինս փայտե մահակով հարվածներ է հասցրել Ա. Հովսեփյանին և դիտավորությամբ վնասել նրա եղբոր ավտոմեքենան:
Դավիթ և Արման Շարոյանները ոչ միայն արհամարհել են հասարակական կարգի կոպիտ խախտումը խափանող անձանց հորդորները և չեն կատարել խուլիգանական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ վերջիններիս պահանջը, այլև հայհոյել և բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել նրանց նկատմամբ, դիմադրություն ցույց տվել դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին` շարունակելով խուլիգանական գործողությունները:
Այսպիսով, Արկադի Հովսեփյանին` բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Շարոյանին` ծեծի և մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Դավիթ Շարոյանին` ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: