Մետրոպոլիտենի դրամարկղերի մոտ նոր պաստառներ են հայտնվել, որոնց համաձայն, մետրո հեծանիվով նստելու դեպքում պետք է երկու ժետոն գնել:
Այս զգուշացման համար որպես հիմնավորում հղում է արվում արդարադատության նախարարության կողմից հաստատված դեռևս 1997 թվականի սեպտեմբերի 4-ի Մետրոպոլիտենից օգտվելու կանոններին:
Սակայն պաստառում իրենց կողմից մեջբերված հատվածում չկա որևէ նշում հեծանիվների մասին, խոսքը բացառապես վերաբերում է որոշակի չափսեր ունեցող ուղեբեռներին: Մասնավորապես այդ փաստաթղթի 4-րդ կետում սահմանվում է. «Ուղևորները պետք է վճարեն երթևեկության համար 60.40.20 սմ-ից ավելի չափսի (այսինքն` եթե լայնքի, երկայնքի և բարձրության չափերի գումարը անցնում է 129 սմ-ից) ուղեբեռի և 150 սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկաների փոխադրման համար կառավարության կողմից սահմանված կարգով»:
Միևնույն ժամանակ, Կանոնների 4-րդ կետում նշվում է հետևյալը. «Վճարման ենթակա չէ դահուկների, մանկական հեծանիվների, սահնակների, ձկնորսական կարթերի, երաժշտական գործիքների և այգեգործական մանր գործիքների փոխադրումը»:
Այսինքն, պետք է նկատի ունենալ, որ ոչ բոլոր հեծանիվների դեպքում պետք է անձը ուղեվարձ վճարի: Օրինակ, եթե հեծանիվը մանկական է կամ դրա լայնքի, երկայնքի և բարձրության չափերի գումարը չի անցնում 129 սմ-ը, ապա ՉՊԵՏՔ է վճարի հավելյալ ուղեվարձ: