Որո՞նք են բաց, փակ կամ դասական, հոլանդական աճուրդները

Աճուրդի անցկացման ձևերը՝ բաց կամ փակ, և եղանակները՝ դասական կամ հոլանդական, սահմանվում են աճուրդով օբյեկտների սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին ՀՀ կառավարության որոշմամբ:

Բաց աճուրդին կարող է մասնակցել ցանկացած անձ: Փակ աճուրդին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք:

Դասական աճուրդն անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող կամ ապապետականացվող օբյեկտը բնութագրող ցուցանիշները, օբյեկտի մեկնարկային (նվազագույն) գինը կամ մեկնարկային (նվազագույն) վարձակալական վճարի չափը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է օբյեկտի մեկնարկային գնի (վարձակալական վճարի) 5 տոկոսի չափով:

Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով օբյեկտը ձեռք բերելու կամ վարձակալելու մասին:

Հոլանդական աճուրդն անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող օբյեկտը բնութագրող ցուցանիշները, օբյեկտի մեկնարկային (առավելագույն) գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է օբյեկտի մեկնարկային գնի 2 տոկոսի չափով:

Նշված քայլերով մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը բարձրացնելով իր տոմսին համապատասխանող համարը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով օբյեկտը ձեռք բերելու մասին: Աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջնել մեկնարկային գնի 50 տոկոսից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել