Հակահասարակական զուգարան Երևանում՝ հարկատուների հաշվին

Երևանում հասարակական զուգարան կա, դեռ ավելին այդ հասարակական զուգարանի պահպանման համար հարկատուների հաշվին այս տարի տրամադրվել է շուրջ մեկ միլիոն դրամ, միայն թե մնում է գտնել այդ զուգարանը և բավարար նյարդեր ունենալ՝ չզզվելով օգտվել դրանից։

Հասարակական զուգարանների խնդրի մասին խոսել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 1-ին, նա ասել է, որ հասարակական օբյեկտները պետք է ունենան «նորմերին համապատասխան որակի զուգարաններ»։

Երևանի հասարակական զուգարանը գտնվում է Գր․Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում: Եկեղեցու մոտից սկսեցին փնտրտուքները, այդ զուգարանի «հայտնաբերման» համար մեզ պահանջվեց 20 րոպե, շարքային քաղաքացին, առանց իմանալու այդ զուգարանի հստակ հասցեն, թերևս չի կարող գտնել այն, էլ չասենք զբոսաշրջիկների մասին։

Պայմանագրի համաձայն՝ հասարակական զուգարանը գտնվում է Եր․Քոչարի փողոցում՝ ոսկու շուկայի մոտ։ Պետք չէ շփոթել եկեղեցու հարևանությամբ տեղակայված գործող և շարքից ելած բիոզուգարանների մասին։

Ընդհանուր առմամբ գաղափարը լավն է․ Երևանի քաղաքապետարանը գումար է տրամադրում հասարակական զուգարանի պահպանության համար, սակայն երբ մի փոքր խորքային ես դիտարկում պայմանագիրը, ապա ակնհայտ է` այս ծախսը դասվում է հարկատուների հաշվին անարդյունավետ վատնումների շարքին։

Այսպես՝ հասարակական զուգարանի պահպանման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Բելլիս» ՍՊԸ-ի հետ, ընդ որում՝ գնման ընթացակարգում տեղադրվել է միայն պայմանագիրը, այսինքն՝ չի եղել կամ չի հրապարակվել գնահատող հանձնաժողովի արձանագրությունը։

Իսկ ի՞նչ պետք է ՍՊԸ-ն իրականացնի, պայմանագրի համաձայն այն պահպանման ծառայություն է մատուցելու, որն էլ ենթադրում է՝ զուգարանի մաքրում, աղբանոթների դատարկում, հատակի լվացում, զուգարանի ախտահանում։ Հատուկ շեշտվել է, որ մաքրման հաճախականությունը պետք է լինի առնվազն ամեն օր։ Սա ըստ պայմանագրի, իսկ իրականությունը լրիվ այլ է։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։

Տեսանյութում հստակ երևում է, որ այս հասարակական զուգարանը, եթե իհարկե, նշված շինությանը կարելի է այդպիսի որակում տալ՝ հասարակական, գրեթե չի մաքրվում։ Տարածքի բնակիչները զարմացան, երբ մեզնից տեղեկացան, որ սա հասարակական զուգարան է։ Նրանք ասում են, որ այստեղ ամիսը մեկ կամ երկու անգամ է որևէ անձ գալիս ու որոշ աշխատանքներ իրականացնում, մյուս ծառայություններն էլ իրենք են հոգում, որպեսզի սեփական բնակավայրը չվերածվի զուգարանի։

Անդրադառնալով ընկերությանը՝ «Բելլիս» ՍՊԸ-ն, ըստ ընկերության ծառայություններ բաժնի, իրականացնում է շինարարական աշխատանքներ, ոչ մի խոսք չկա մաքրման ծառայությունների ապահովման վերաբերյալ։ Չի բացառվում, որ քաղաքապետարանը հարկատուների հաշվին «բարի գործ» է անում շինարարական ընկերության համար։

Ի դեպ, Երևանի Գր․Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում առկա է ևս երկու զուգարան, այն էլ՝ բիո։ Դրանցից մեկը, որը «վեր է խոյանում» եկեղեցու կողքը, մեզ «ժառանգություն» է մնացել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից ու առ այսօր չի գործում։ Մյուս բիոզուգարանը ներկայումս վերածվել է սովորական զուգարանի, քանի որ տեխնիկական ապահովման միջոցներ չկան, այն վճարովի է։

Երևանի քաղաքապետարանի և «Բելլիս» ՍՊԸ-ի պայմանագրի համաձայն՝ մինչև 2017թ․ դեկտեմբերի 30-ը 920 հազար դրամով ընկերությունը պետք է կատարի Եր․ Քոչարի փողոցի զուգարանի պահպանումը։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել