Այսօրվա կառավարության նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրին ներկայացրեց «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը բխում է գնումների ոլորտում իրականացված բարեփոխումներից, մասնավորապես, «Գնումների մասին» նոր օրենքից: Ֆինանսների նախարարի խոսքով՝ որոշ սկզբունքային փոփոխություններ են կատարվել նախորդ կարգի համեմատ:
«Առաջին՝ բացի բարձրագույն կրթության պահանջից ներդրվել է ոչ ռիսկային անձի ինստիտուտը: Այսինքն անձը, ով պետք է դիմի որակավորում ստանալու համար, չպետք է դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինի կամ դիտավորությամբ կատարված հանցագործության մեջ չպետք է դատապարտված լինի: Երկրորդը որակավորման քննություններն են, որոնք համահունչ են մեր որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես, թափանցիկությանը և մարդկային շփումների բացառմանը: Կառավարության որոշման կարգը պահանջում է, որ փաստաթղթերը ներկայացվեն բացառապես էլեկտրոնային կարգով: Որակավորումը կատարվելու է էլեկտրոնային թեստավորման միջոցով, և անձը հնարավորություն է ունենալու արդյունքների մասին ևս տեղեկանալ էլեկտրոնային եղանակով»,-ասել է նախարարը:
Նախարարի տեղեկացմամբ՝ ձևավորվել է նաև մասնագետների վերապատրաստման ինստիտուտը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գնումների ոլորտում հավակնոտ ծրագրեր են իրականացվելու՝ գնումների էլեկտրոնային համակարգը պետք է մշտապես բարելավվի, և դրա հետևանքով մասնագետների վերապատրաստման պահանջ է լինելու։ Վերապատրաստումները անցկացվում են պարտադիր 3 տարին մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում նախատեսվում են նաև լրացուցիչ վերապատրաստումներ:
«Մենք Ձեզ զեկուցել ենք, որ ապահովել ենք կառավարության ծրագրի պահանջը և մեր նախարարության պաշտոնական նոր կայքի «Վեբինար» գործիքի միջոցով հնարավորություն ունենք իրականացվող դասընթացները տեղադրել նաև առցանց տիրույթում: Առաջին փորձը բարեհաջող անցել, «Վեբինար» -ի միջոցով ուղիղ հեռարձակվել է գնումների համակարգողների վերապատրաստման դասընթացը, որն այս պահին էլ տեղադրված է համացանցում և կարող է օգտակար ուղեցույց լինել բոլոր հետաքրքրվողների համար»,-հավելել է նախարարը:
Կառավարության որոշման վերոնշյալ նախագծով գնումների համակարգողների համար սահմանվել են չափանիշներ՝ որակավորման պահպանման, ինչպես նաև պահանջներ՝ համակարգողների վարքագծի կանոնների վերաբերյալ:
«Օրինակ՝ եթե գնումների մասնագետի կողմից կազմակերպված գնման ընթացակարգի 30%-ից ավել գործընթացները բողոքարկվում են և բավարարվում, ապա նա ավտոմատ որակազրկվում է։ Սա մի պահանջ է, որ գնումների մասնագետները խիստ հետևողական լինեն իրենց կողմից իրականացված գործառույթներին և օրենքի պահանջները ըստ պատշաճի կատարեն», -նշել է Վարդան Արամյանը։