Շարժական հեռախոսակապի ծածկույթի և ցանցի թողունակության առումով առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իրականացնել ցանցի ընդլայնման և արդիականացման աշխատանքներ: Այդ աշխատանքների նպատակը Երևանում և մարզերում տվյալների փոխանցման ավելի բարձր արագություններ և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելն է՝ հաշվի առնելով նաև վերը նշված ծառայությունների սպառման ծավալների հաստատուն աճը: Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն առավել արդիական և հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:
Համաձայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության՝ 2018-2020թթ. ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել հիմնական կայանների նոր խմբաքանակ, ինչպես նաև ավելացնել գործող ցանցի թողունակությունը՝ ցանցի ենթակառուցվածքի ու սարքավորումների արդիականացման միջոցով: Ըստ այդմ` ընկերությունը 2018-ի ավարտին նախատեսում է 4G+ ցանցը (LTE Advanced) հասանելի դարձնել բնակչության 64%-ին՝ ներկայիս 52.4%-ի փոխարեն: Նախատեսվում է, որ 2019թ. 4G+ ցանցը նեդրված կլինի ոչ միայն բոլոր քաղաքներում, այլև՝ խոշոր գյուղերում և հաղորդակցման ու առևտրային կարևորություն ունեցող ավտոճանապարհներին: Ըստ ռազմավարության՝ նախատեսվում է, որ 2020թ. 4G+ տեխնոլոգիան հասանելի կդառնա բնակչության 80-90%-ին:
Արդիականացման արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը լիովին պատրաստ կլինի հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումներին: