Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր գործադիրի հաստատմանը ներկայացրեց նոր նախագիծ, որով նախատեսվում է լրացուցիչ ջրբացթողումներ իրականացնել Սևանա լճից։
Երբ վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք հարցեր ու առարկություններ կան գործադիրի մյուս անդամների կողմից, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խնդրեց 2 օր ժամանակ տրամադրել լրացուցիչ քննարկելու համար․ «Մինչև Ազգային ժողով գնալը, փաստաթղթի վրա․․․»,- չէր հասցրել իր խոսքն ավարտել պարոն Մինասյանը, երբ Կարեն Կարապետյանը նրան կտրուկ ընդհատեց․ «Ո՛չ։ Կոմիտեներին և նախանիստերին դուք ժամանակ ունեիք քննարկել, մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում դա արեք։ Մենք մի օր պետք է դա դադարեցնենք, պարոն Մինասյան»,- շեշտեց նա, նախարարը կրկին ցանկանում էր շարունակել միտքը, բայց վարչապետը նորից նրան թույլ չտվեց խոսել․ «Մեկ օր ժամանակ, կառավարության նիստին բերում եք, ծայրահեղ դեպքերում են՝ մեկ օր, երկու օր տալիս, նախանիստն անցնում ենք, չգիտեմ՝ ինչ ինստանցիաներն անցնում ենք ու հետո նորից գալիս, ասում ենք՝ մեկ-երկու օր ժամանակ տվեք»,- նշեց գործադիրի ղեկավարը և հարց ուղղեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, այնուհետև հաստատեց նախագիծը։